Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես կանցկացվի շախմատի անդրանիկ «Երեւան օփենը»

Սեպտեմբեր 24,2016 22:30

«Հոկտեմբերի 1-ին Շախմատի ակադեմիայում կմեկնարկի շախմատի «Երեւան օփեն» առաջին միջազգային մրցաշարը: «Առավոտն» այդ առիթով զրուցեց գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի հետ:

– Պարոն Վարդապետյան, որքան հիշում եմ՝ Երեւանում շախմատի այսպիսի միջազգային բաց մրցաշար կազմակերպելու գաղափար օրակարգում վաղուց կար, բայց ոչ մի կերպ չէր իրականանում:
– Եվ ոչ միայն գաղափար էր, այլեւ ուներ լուրջ հիմնավորումներ: Երբ ես Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահն էի, շատ եմ դիմել Երեւանի տարբեր քաղաքապետերի, շեշտել դրա անհրաժեշտությունը՝ այն հաշվարկ նպատակով, որպեսզի այն 2018 թվականին դառնա միանգամայն կայացած ու հզոր մրցաշար: 2018 թվականին Երեւանը տոնելու է իր 2800-ամյակը: Բոլորն էլ պատասխանել են, թե գաղափարը հետաքրքիր է, բայց այն կյանքի կոչելու ուղղությամբ որեւէ քայլ չեն ձեռնարկել: Եվ միայն Երեւանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը նաեւ մեր մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, ֆեդերացիայի տնօրեն Նորայր Քալանթարյանի մեջնորդությամբ ընթացք տվեց: Եվ այս տարի անցկացնում ենք անդրանիկ առաջնությունը, որը, հույս ունենք, կդառնա ավանդական եւ տարեցտարի կհզորանա եւ ավելի կարեւոր տեղ կզբաղեցնի համաշխարհային շախմատային օրացույցում:
– Ձեր նշած գերհզոր մրցաշարը 2018-ին կիրականանա՞:
– Տեսնենք: Դա շատ բաների հետ է փոխկապակցված՝ տնտեսական վիճակ, բարեփոխումներ եւ այլն: Բայց կարեւորն այն է, որ այդ ճանապարհին առաջին քարը դրվել է: Ու շատ հաջող:
– Ինչի՞ց եք այդպես ենթադրում:
– Արդեն մասնակցության հայտեր ստացել ենք 11 երկրների 40-ից ավելի ներկայացուցիչներից, որոնցից շուրջ 20-ը գրոսմայստերի տիտղոս են կրում: Եվ եթե չեմ սխալվում՝ նրանց մեջ վեցից ավելին 2600-ից բարձր վարկանիշ ունեն, այդ թվում նաեւ շախմատի վերջին համաշխարհային օլիմպիադայի հերոս Բաադուր Ջոբավան, որը առաջին խաղատախտակների հաղթողն էր դարձել: Դեռ ժամանակ կա, եւ հույս ունենք, որ երկրների ու մասնակիցների քանակը դեռ կավելանա: Բավականին հզոր մրցաշար է ստացվում, թեեւ այն համընկնում է այնպիսի ժամանակահատվածի, երբ հեղինակավոր բազմաթիվ շախմատիստներ զբաղված են լինելու այլ միջազգային մրցաշարերում: Մասնավորապես, չեն կարողանալու մասնակցել մեր հրաշալի պատանի շախմատիստները, որոնք հանդես են գալիս աշխարհի պատանեկան առաջնությունում:
– Քանի որ խոսեցիք Հայաստանի շախմատիստների մասին, հետաքրքիր է՝ մեր անվանիներից ո՞ւմ կտեսնենք «Երեւան օփենում»:
– Արդեն ասացի, որ հայտավորվելու բավականին ժամանակ կա, ու մերոնցից շատերը կհամալրեն մասնակիցների ցանկը: Բայց Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը, նախկին չեմպիոններից Ռոբերտ Հովհաննիսյանը, որ հավաքականի կազմում եղել է աշխարհի չեմպիոն, արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Որքան տեղյակ եմ՝ ցանկություն է հայտնել մեր շախմատային լեգենդ Ռաֆայել Վահանյանը: Մնում է մի քանի օր: Սպասենք ու շուտով վերջնական պատկերը կիմանանք:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

23.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930