Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը այսօր քննում էր նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարդան Գերավետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը:
Նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը բավարարել է միջնորդությունը, եւ Վարդան Գերավետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է:Պաշտպանական կողմը ներկայացրել է նաեւ գրավի միջնորդություն, սակայն դատարանը մերժել է այն:
«Քննիչը միջնորդության հիմքեր չի ներկայացրել, այսինքն՝ որեւէ տարբերություն նախորդ միջնորդությունից չկար: Ըստ էության, երկու հարցաքննությունների արձանագրություններն էին, որոնցում Վարդան Գերավետյանի կապակցությամբ ոչինչ չկար»,- ասաց նա:
Վարդան Գերավետյանը մասնակցել է նիստին: Դավիթ Գյուրջյանը ասաց, որ նա հայտարարությամբ է հանդես եկել, որում ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հավելեց, որ պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի որոշումը՝ չնայած, որեւէ հույս չունի կապված Վերաքննիչ դատարանի հետ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Վարդան Գերավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը եւ 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել եւ փոխադրելը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ