Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության նախարարն օրենքի պահանջը ստորադասում է իր հրամանագրին

Սեպտեմբեր 24,2016 22:00

«Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանի միջոցով հարց էի ուղղել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին այն մասին, թե ինչպե՞ս եք շրջանցում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված՝ ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման եւ ընտրության ընթացակարգը, ու հայտարարում, որ մեկ անգամ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստացած անձինք վերապատրաստումից հետո այլեւս քննություն չեն հանձնելու:

Ըստ օրենքի՝ ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարվում է մրցույթ, որին մասնակցելու իրավունք է ստանում այն անձը, ով ունի 7 տարվա մանկավարժական ստաժ, անցել է համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից վերապատրաստում, այնուհետեւ քննություն՝ գրավոր եւ բանավոր փուլերով, որից հետո, ինչպես գրված է օրենքում՝ «ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ 5 տարի ժամկետով»:
Հստակ գրված է, որ ղեկավարման իրավունքի հավաստագիրը 5 տարի ժամկետով է տրվում:
Պատգամավոր Թեւան Պողոսյանին ուղղված պատասխան նամակում նախարար Լեւոն Մկրտչյանը (կատարող՝ իրավաբանական վարչություն, Ա. Բաղդասարյան), հղում կատարելով նույն օրենքի 15-րդ կետին, որն ասում է. «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչեւ հավաստագրի ժամկետի լրանալը դիմել եւ անցնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերապատրաստումը եւ ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման նոր հավաստագիր», տվել է հետեւյալ պարզաբանումը. «ՊՈԱԿ-ի տնօրենն ընտրվում է կառավարության հաստատած մրցույթի կարգով (չմոռանանք՝ նախ օրենքը, հետո՝ կարգը-Ա. Բ.) որին կարող է մասնակցել սահմանված կարգով վերապատրաստված եւ ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը, եւ քանի որ արդեն հավաստագիր ունեցող անձը կարող է մինչեւ հավաստագրի ժամկետի լրանալը դիմել եւ անցնել սահմանված վերապատրաստումը ու ստանալ նոր հավաստագիր, փոփոխություն է կատարվել ՀՀ ԿԳ նախարարի 18.05.2010 N395-Ն հրամանում եւ ամրագրվել է, որ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման անցկացման կարգում արդեն մեկ անգամ հավաստագիր ստացած անձինք կարող են նոր հավաստագիր ստանալ վերապատրաստման արդյունքում: Նշված փոփոխությունը չի ենթադրում տնօրենի թափուր տեղի համալրում առանց մրցույթի կամ լիազորված մարմնի կողմից տնօրենների պաշտոնավարման ժամկետի երկարացում»:

Փաստորեն, օրենքի կամայական այս մեկնաբանությամբ, օրենքից ստորադաս փաստաթղթում՝ ԿԳ նախարարի հրամանում, որի վերաբերյալ ԿԳ պաշտոնական կայքում ոչ մի տեղեկություն չկա, նախարարության իրավաբանն առաջարկել է փոփոխություն՝ անտեսելով 12-րդ հոդվածի 15-րդ կետի 2 կարեւոր որակում.
1. «Անձը կարող է մինչեւ հավաստագրի ժամկետի լրանալը», սա նշանակում է, որ գործող տնօրենը կարող է չսպասել մինչեւ օրացուցային 5 տարին լրանալը, որովհետեւ վերապատրաստումները օրենքով նախատեսվում են տարեկան առնվազն մեկ անգամ, այսինքն՝ եթե հավաստագրի ժամկետը լրանա եւ նորը չունենա, ապա չի կարող մասնակցել որեւէ մրցույթի,
2. «Ստանալ նոր հավաստագիր», այսինքն՝ նախորդը չի գործում, նորը թեկնածուն պետք է ստանա քննությամբ:
12-րդ հոդվածի 15-րդ կետում պատահականորեն չեն շեշտվել «հավաստագրի ժամկետ» ու «նոր հավաստագիր» նորմերը՝ կարեւորելով հատկապես հավաստագրի ստացմանը նախորդող քննության դերն ու նշանակությունը:
Ի՞նչն է առավել կարեւորվել քննության միջոցով հավաստագիր ստանալու պահանջի մեջ:
Այն, որ ոլորտը կարգավորող օրենքներին ու կարգերին տիրապետող ցանկացած պաշտոնյա՝ թե՛ նախարարները, թե՛ հատկապես ուսումնական հաստատությունների տնօրենները, առավել անկախ ու արժանապատիվ կառավարողներ լինեն, վերադասի ամեն հրամաններն աչքները փակ չկատարեն, մի՛շտ հիշեն, որ իրենք ինքնակառավարվող ու ինքնավարություն ունեցող կառույցի ընտրված, իրենց գործն իմացող ու գիտակ տնօրեններ պետք է լինեն, եթե, իհարկե, ազնիվ ընտրությամբ են դարձել տնօրեն:
Ավելացնեմ, որ 9-րդ կետով էլ օրենքը պահանջում է ԿԳ նախարարությունից՝ հրապարակել հավաստագրված անձանց ցանկը, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սեւեռել այս կարեւոր գործընթացի վրա ու կառավարման խորհուրդներում ապահովել նրանց մասնակցությունը: Եթե այս գործընթացը կայանար այնպես, ինչպես օրենքն է պահանջում, պատկերացնո՞ւմ եք՝ քաղաքական վերնախավից որքան անկախ կլինեին դպրոցները, որի մասին իր պաշտոնավարման սկզբում հայտարարեց պարոն Մկրտչյանը:
ԿԳ նախարարի 18.05.2010թ. N 395-Ն հրամանում նախատեսվող փոփոխությունը խորապես հակասում է «Հանրակրթության մասին» օրենքին: Ավելին՝ օրենքի նման փոփոխություն չի կարելի նախաձեռնել, այդ փոփոխությամբ ուսումնական հաստատություններում վերջնականապես կհաստատվի քաղաքական վերնախավին ենթարկվելու, արդեն կիրառվող շատ վատ երեւույթը, կտապալեք ժողովրդավարական կառավարման չեղած սերմերը, որոնք օրենքը կիրառելու պայմաններում դեռ կարելի է ցանել, ու կարճ ժամանակում ծիլերը կլինեն:
Էլ չեմ ասում, որ ոչ մի երաշխիք չկա, որ արդեն գործող տնօրենները 5 տարին մեկ հաճույքով փոխանցելով գումարը՝ պարտաճանաչորեն կներկայանան վերապատրաստման դասընթացներին: Նրանք մոտիվացված չեն լինելու: Դա նույնն է, որ աշակերտը, ուսանողը ատեստատ կամ դիպլոմով որակավորում ստանա՝ առանց քննություններ հանձնելու: Մեկ անգամ էլ շեշտեմ, որ հավաստագիրը ղեկավարման իրավունք ստանալու մասին է:
Վերջապես, ինչո՞ւ եք համարում, որ մեկ անգամ հավաստագիր ստացած տնօրենի համար 5 տարին մեկ քննությամբ ղեկավարման իրավունքը վերահաստատելը անպատվաբեր է: Էլ ո՞վ, եթե դպրոցի տնօրենը չի ցույց տալու ամբողջ կյանքում սովորելու իր օրինակն ու բաց ճակատով նույնը պահանջի առաջին հերթին իր ուսուցիչներից եւ աշակերտներից:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Կրթության փորձագետ

«Առավոտ» օրաթերթ

23.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930