Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հովհաննիսյանը կշարունակի մնալ կալանքի տակ՝ «աբսուրդ եւ անտրամաբանական» մեղադրանքով

Սեպտեմբեր 24,2016 20:12

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր քննում էր նաեւ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը:

Նրա պաշտպան Հովիկ Արսենյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, եւ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը երկարաձգվել է եւս 2 ամսով. «Ես հարցադրում ունեմ, որին մեր իրավապահներից՝ փոքրից մինչեւ մեծ, ոչ ոք չի կարող պատասխանել: 2016 թվականի հուլիսի 29-ին ժամը 22:30-ի սահմաններում, երբ որ հայտնում են, թե իբր զանգվածային անկարգություններ են եղել, ու փաստի առթիվ քրեական գործ են հարուցել: Միաժամանակ նաեւ ոստիկանության կողմից ոչ իրավաչափ գործողություններ կատարելու փաստի առթիվ, ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու, խաթարելու, ոտնձգություն կատարելու՝ չէ՞ որ գույք են ոչնչացրել, ինչպես նաեւ այդտեղ սեփականություն հանդիսացող տներին գույքային վնաս են պատճառել՝ արձակված 52 ձայնային եւ գազային նռնակների արդյունքում, մարդիկ են տուժել, մոտ 60 տուժող կա:

Ու առանձին նաեւ Հատուկ քննչական ծառայություն է գործ հարուցել, այսօրվա դրությամբ ոստիկանության բարձրաստիճան աշխատողներ են պաշտոններից զրկվել, ինչպես նաեւ ոստիկանության աշխատողների են մեղադրանք առաջադրել ու այս պայմաններում հանկարծ ասում են, թե զանգվածային անկարգության մասնակից է եղել Դավիթ Հովհաննիսյանը: Եվ 2 շարքային ոստիկան օդից կախված ցուցմունք են տվել, զեկուցագիր են գրել կիսատ-պռատ եւ ցուցմունք դարձրել, թե իբր Դավիթ Հովհաննիսյանը քարեր է նետել: 2 քրեական գործ է հարուցվել, ասում են օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն են իրականացնում: Այն դեպքում, երբ այս 2 գործը, կոպիտ ասած պետք է միանար, 1 խումբ պետք է ստեղծվեր, որ հասկանալի լիներ բազմակողմանիությունը ու օբյեկտիվությունը:

Սա մի աբսուրդ է, ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ բանականություն: Հարցը հետեւյալն է, որ ոստիկանությունը սկսեց գրոհել նռնակներով եւ առաջ շարժվեց, սկսեց հարկադիր երթը ցրել, դրանից առա՞ջ են ինչ-որ քաղաքացիներ քարեր նետել ոստիկանության շարքերի ուղղությամբ, թե դրանից հետո, այստեղ Դավիթ Հովհաննիսյանը չի միայն խնդիրը: Սկզբունքը հետեւյալն է՝ եթե քարերը նետվել են գրոհելու ընթացքում, ապա պարտավոր են վեր հանել, թե ով է քար նետել եւ ոստիկանության աշխատողին ինչ է պատճառվել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը իրականացվի որպես ոստիկանության նկատմամբ դիմադրություն: Տեսաձայնագրությունները նայելու պայմաններում միանշանակ է, բոլորը կարող են ասել, որ գրոհելու պահին  սկսվեց ինչ-որ դիմադրություն»:

Հովիկ Արսենյանը դատական նիստի ընթացքում ներկայացրել է նաեւ գրավի միջնորդություն, սակայն դատարանը մերժել է այն: Փաստաբանի կարծիքով՝ Դավիթ Հովհաննիսյանին իր քաղաքական հայացքների համար քաղաքական հետապնդում, հալածանք են իրականացնում: Նա համոզմունք հայտնեց, որ մոտ օրերս ողջամտություն կունենան եւ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը կփոխեն. «Բնականաբար, բողոքարկելու եմ: Մենք ունենք հրաշալի դատավորներ, սակայն հանրապետությունում դատարան չունենք, անկախ չեն, չեն կարողանում պաշտպանել, որովհետեւ թույլ չեն տալիս»:

Հիշեցնենք՝ Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930