Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնի այս խաղաշրջանի պրեմիերաների մասին՝ «առաջին ձեռքից»

Սեպտեմբեր 24,2016 20:56

Աշխարհում օպերային թատրոնը ընդունված է անվանել գլխավոր: Հավանաբար դա է պատճառը, որ այդ օջախները մշտապես գտնվում են թե կառավարության, թե հասարակության ուշադրության կենտրոնում: Ավելին՝ կան երկրներ, որտեղ օպերային թատրոնը գործում է երկրի առաջին դեմքի հովանու ներքո: Որպեսզի «չճանապարհորդենք» շատ հեռու, օրինակ բերենք Ռուսաստանը: Այդ երկրում Մեծ թատրոնը՝ որպես բրենդ, գործում է Վլադիմիր Պուտինի աշխատակազմին կից: Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թե այդ երկրի մշակույթի ոլորտի պատասխանատուները «ձեռքները լվացել են» Մեծ թատրոնի խնդիրներից: Ռուսաստանում մշակութային «մասով» մեծ պարտավորություն է իր վրա կրում երկպալատ պառլամենտը՝ Դաշնային ժողովը եւ Պետական դուման, որն իր ուղղակի օրինաստեղծ գործունեությունից բացի՝ հատուկ ֆինանսական միջոցներ է հատկացնում, որպեսզի Պետդումայի պատգամավորները մասնակցեն մշակութային տարբեր միջոցառումների եւ այդ մասնակցության համար կարողանան ունենալ հատկապես Դումայի կողմից գնված եւ ոչ թե հրավիրյալ տոմսեր:

Տեսարան Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից

Տեսարան Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից

anush-anahit-mkhitaryan

Անուշ՝ Անահիտ Մխիթարյան

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը Ա. Տիգրանյանի «Անուշ» ներկայացմամբ մեկնարկեց 83-րդ թատերաշրջանը:
«Առավոտը» օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանից հետաքրքրվեց այս թատերաշրջանում նախատեսված պրեմիերաներով:
«Հոկտեմբերի 22-ին կկայանա Պուչինիի «Տոսկա» օպերային ներկայացման պրեմիերան, դեկտեմբերի վերջին՝ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի պրեմիերան, արդեն 2017 թ. մայիսին կներկայացնենք համաշխարհային օպերային գրականությունից դարձյալ Պուչինիի ստեղծագործություններից մեկը՝ «Մադամ Բաթերֆլայը»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, թե հիշյալ ներկայացումների փորձերը սկսվել են վաղուց, եւ հավաստիացրեց, որ աշխատանքները հարթ են ընթանում՝ ըստ նախատեսվածի: «Նշածս ներկայացումների պրեմիերաներին իսկապես լիարժեք պատրաստվում են ոչ միայն թատրոնի ստեղծագործական խմբերը՝ նվագախումբը, երգչախումբը, մեներգիչները, բնականաբար՝ բեմադրող դիրիժորը, ռեժիսորը, զգեստների դիզայները, այլեւ տեխնիկական կազմը»,- հավաստիացրեց Անդրանիկ Արզումանյանը:
Հետաքրքրվեցինք՝ ինչպես այլ թատրոններ՝ չե՞ն պատրաստվում վերականգնել նախկինում եղած ներկայացումներից մեկ-երկուսը, փաստեցինք նաեւ, որ նման աշխատաոճ ունեցել է մեր թատրոնը: «Միջին եւ ավագ օպերասեր հանրությունը, վստահ եմ, կմտաբերի ժամանակին թատրոնի խաղացանկում ընդգրկված Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան (ռեժիսոր՝ Տիգրան Լեւոնյան), որը նաեւ ներկայացվել է Զվարթնոց տաճարի տարածքում: Որոշում ենք կայացրել վերականգնել այդ օպերան: Այս պահին կոնկրետ ժամկետը չեմ կարող նշել»,- հայտնեց տնօրենը:

Հասկանալի պատճառով համաշխարհային օպերային եւ բալետային «ողջ աստղաբույլը» չունի եւ չի կարող ունենալ ոչ մի թատրոն, բայց ոչ խաղացանկային ներկայացումներից էլ կարելի է կազմել ու հանդիսատեսին հրամցնել, ասենք՝ հատվածներ բալետներից, արիաներ, դուետներ, տերցետներ օպերաներից, երգչախմբային կտորներ եւ այլն: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Անդրանիկ Արզումանյանը ժպտալով ասաց. «Թույլ տվեք ինձ էլ մեկ անգամ օգտվել անվճար գովազդից. համեցեք հոկտեմբերի 8-ին օպերային թատրոն՝ գալա համերգի, որը կղեկավարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը»: Կանխելով մեր հարցը՝ նշեց. «Կայանալիք գալա համերգի մանրամասների մասին տեղեկացեք հենց մաեստրոյից»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ. – Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում:

«Առավոտ» օրաթերթ

23.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930