Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում այսօր քննվում էր նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանի կալանքի երկարացման միջնորդությունը:
Նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց Aravot.am-ին, որ քննիչը գտնում է, որ ազատության մեջ մնալով Սմբատ Բարսեղյանը կարող է թաքնվել քննությունից եւ խոչընդոտել քննությանը. «Նա հղում կատարեց Սմբատին առաջադրված մեղադրանքի ծանրությանը: Դատարանն էլ գտավ, որ մեղադրանքի ծանրությունը բավարար է եզրակացնելու համար, որ մնալով ազատության մեջ կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել քննությանը: Մենք համամիտ չենք այդ տեսակետին եւ կբողոքարկենք»:
Պաշտպանական կողմը ներկայացրել էր նաեւ գրավի միջնորդությունը, սակայն դատարանը մերժել էր եւ բավարարել կալանքի երկարաձգման միջնորդությունը: Դատական նիստին ներկա էր նաեւ Սմբատ Բարսեղյանը: Հայկ Ալումյանը մեզ հայտնեց, որ նիստի ընթացքում իր պաշտպանյալը հայտարարել է, որ «Սասնա ծռեր» խմբավորումը բժիշկներին պատանդ չի վերցրել:
Հիշեցնենք՝ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է պատանդ վերցնելը եւ 235 հոդվածի 3-րդ մասով, այն է ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ