Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է որակապես վերանայենք տնտեսական քաղաքականությունը

Սեպտեմբեր 24,2016 19:30

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ էկոնոմիկայի նախարարությունը կարող էր եւ կոչվել արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարություն՝ ինչպիսին Եվրասիական տնտեսական միության մեր գործընկեր պետություններում են, որպեսզի նրանց հետ լիներ ներդաշնակ: Պարոն Սաֆարյանն այսպես արձագանքեց մեր հարցին ի պատասխան, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կառավարության երեկվա նիստում կատարած կառուցվածքային փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան գործարար ոլորտի, մասնավորապես՝ հայրենական արտադրողների վրա:

Երեկ Կարեն Կարապետյանը քաղաքաշինության նախարարությունն, այսպես ասած, փակեց, էկոնոմիկայի նախարարությունն էլ վերանվանեց ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: Նրա որոշմամբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն էլ դարձավ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն:

Ի՞նչ կփոխվի գերատեսչությունների անվանումները փոխելուց, արդյո՞ք այս կառույցներն ավելի արդյունավետ կաշխատեն՝ «Առավոտի» հարցին պարոն Սաֆարյանն ասաց, որ այդ ամենի արդյունքը ժամանակի ընթացքում կարելի է գնահատել: Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ խնդիրն այնքան անունների մեջ չէ, որքան գործառույթների. «Ես միշտ ասել եմ եւ կրկնում եմ, որ մենք պետք է շեշտադրումը դնենք պետություն-մասնավոր գործընկերության գործառույթների զարգացման վրա, իսկ այդ իմաստով պետությունը պետք է լուրջ գործառույթներ վերցնի իր վրա տնտեսության կարգավորման գործում, այլ ոչ թե թողնի նախարարությունների կամ, ասենք, պատկան մարմինների գործունեությունը տնտեսության կարգավորման հարցում օրենսդրական դաշտը կարգավորելու միջոցով, այսինքն՝ զուտ լինեն ֆունկցիոնալ նախարարություններ: Ես ավելի շատ հակված էի տեսնել ոչ թե ֆունկցիոնալ նախարարություններ` օրենքներով ոլորտը կարգավորող, այլ ճյուղային ֆունկցիոնալ, որոնք նաեւ ճյուղը կարգավորեն: Այսպես, թե այնպես՝ կառավարությունը գալիս է դրան: Տեսեք՝ եթե մենք փորձենք խորանալ գյուղնախարարության գործառույթների մեջ, ապա կտեսնենք, որ գյուղնախարարությունը հորդորում է բանկերին եւ տնտեսվարողներին, որպեսզի բանկերը գրավի դիմաց վարկեր տան տնտեսվարողին, նրանք խաղողը մթերեն, իրացնեն եւ այդ վարկերը փակեն, գյուղացիներին մթերած խաղողի դիմաց էլ վճարումներ կատարեն: Բայց այսօր մենք տեսանք, որ անցյալ տարվանից «Վեդի ալկոն» գյուղացիներից գնած խաղողի դիմաց դեռ չի վճարել: Կառավարությունն այսօր խնդիր դրեց այդ հարցը լուծել պետական միջոցներով եւ կառավարման-կարգավորման խնդիր վերցրեց իր վրա: Այսպես, թե այնպես` պետությունը գնում է կարգավորման խնդիրների մոտեցմամբ: Ես, օրինակ, կարծում եմ, որ արդյունաբերության քաղաքականության մեջ պետք է պետություն-մասնավոր գործընկերությունը շատ ավելի ընդգրկուն լինի՝ պետական պատվերի տեղակայման, ներքին կոոպերացիայի զարգացման, մոբիլիզացիոն քաղաքականության իրականացման, արտաքին տնտեսական կապերի հայթայթման եւ տեղական արտադրանքը դրսի շուկաներում ներկայացման եւ իրացման առումով»:

Պարոն Սաֆարյանի խոսքով՝ ճիշտ է, մենք ունենք Հայաստանի զարգացման հիմնադրամ, որը ցուցահանդեսնեի միջոցով հայկական ապրանքների մասին տեղեկատվություն տարածում է, եւ շնորհիվ այդ գործառույթի եւ նաեւ վարկերի սուբսիդավորման՝ արտահանման ծավալներում թեկուզ փոքր, բայց առաջանցիկ աճ ենք գրանցել, այդուամենայնիվ, այդ ուղղությունների վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել. «Որպեսզի մենք արտադրենք եւ արտահանենք, որպեսզի տարադրամ բերենք եւ լրացնենք տարադրամի մեր պահուստներն այնքան, որքան անհրաժեշտ է մեր պահուստի նորմատիվային կուտակման համար, դա պետք է լինի ոչ պակաս, քան 3-4 ամսվա մեր ներմուծման ծավալների քանակային համարժեք տարադրամ: Եվ որքան շատ մենք արտահանենք եւ ինչքան քիչ ներմուծենք եւ ներմուծմանը փոխարինող տեղական արտադրություն կազմակերպենք, մենք ավելի շատ կունենանք տարադրամ, եւ կկրճատվի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը: Կարծում եմ, որ մեր այսօրվա կառավարության մոտեցումներն այս ուղղությամբ պետք է գնան»:

Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ պետք է ունենալ ծրագիր հեռանկարային-ինդիկատիվ պլանավորմամբ` ինչ ենք ծրագրում եկող տարի, տնտեսության ո՛ր ոլորտները պետք է զարգանան, որքան ՀՆԱ պետք է ունենանք: Ըստ նրա՝ իրենք էլ նորանշանակ վարչապետի հետ շատ կարեւոր հարցեր ունեն քննարկելու, մասնավորապես՝ «Վանաձորի քիմկոմբինատի», «Նաիրիտ» գործարանի վերագործարկման, Հայաստան-Իրան երկաթգծի, ոսկու զտման (աֆինաժի), պղնձի, ոչ թե խտանյութի արտահանման, այլ գոնե սեւ պղնձի արտահանման եւ այլնի վերաբերյալ:

Միության նախագահի կարծիքով՝ մի շատ կարեւոր հարց էլ կա. շատ ձեռնարկություններ տույժ ու տուգանքների, պարտքերի տակ կանգնած են եւ չեն աշխատում: Ըստ պարոն Սաֆարյանի՝ պետք է ուսումնասիրել եւ հասկանալ. «Գուցե պետք է գնալ հարկային արձակուրդների, համաներման նոր քաղաքականություն իրականացնել եւ ամեն մի գործարանի տնօրենի հետ առանձին-առանձին զրուցել՝ ինչ է նրանց անհրաժեշտ, որպեսզի կարողանան աշխատել: Այսպիսի մանրակրկիտ մոնիտորինգ է պետք անել: Հիմա ո՞ր մարմինը պետք է անի՝ նոր նախարարությո՞ւնը, որը կոչվելու է ներդրումների եւ ձեռնարկատիրությունների աջակցման, տեսնենք՝ ինչպիսին կլինի: Դրա համար պետք է բովանդակային փոփոխությունների ենթատեքստում տեսնել խորը որակական փոփոխություններ գործառույթների մեջ»:
Նրա խոսքով՝ «Այն բառը, որ կոչվելու է գործարարների աջակցության նախարարություն, սա արդեն խոսում է այն մասին, որ պետությունը շահագրգռված է գործարարին ուղղակի աջակցություն ցուցաբերել: Այդ աջակցություն հասկացության բառերի հետեւում պետք է դրվեր պետություն-մասնավոր գործընկերության գործառույթների խորացում եւ արդյունավետ զարգացում, պետական պատվերի տեղակայում:

Օրինակ` վերցնենք մեքենաշինության ոլորտը, այն այսօր ամենածանր վիճակում է գտնվում, որովհետեւ իր տնտեսական (կոոպերացիոն) կապերը կորցրել է դրսի շուկաների հետ, մասնավորապես՝ ԱՊՀ երկրների, բայց այսօր դրա անհրաժեշտությունը կա, եւ Ռուսաստանն այսօր մեքենաշինական արտադրանքի` հաստոցների մեծ տեսականու պահանջարկ ունի: Մենք պետք է կարողանանք այդ պահանջարկը, որն ունի ռուսական շուկան, տեղակայել մեր տնտեսության մեջ` մեր մեքենաշինության ոլորտում: Այդ խնդիրները լուծելու համար պետք է ոչ թե օրենքներով փորձել ոլորտը կարգավորել, այլ ուղղակի պետք է որեւէ մի պատկան մարմին լինի, որը կարողանա ուղղակիորեն կառավարել, կարգավորել այս ոլորտը»:

Ըստ Վազգեն Սաֆարյանի՝ հայտարարություններով, անվանումներ փոխելով՝ դժվար արդյունքի հասնենք. «Մենք պետք է փոխենք ոչ միայն մեր այսօրվա ունեցած մոտեցումները, այլեւ պիտի որակապես վերանայենք տնտեսական քաղաքականությունը, որը մինչեւ այսօր մենք տարել ենք, այն է՝ ազատ շուկայական տնտեսական քաղաքականություն, բայց շուկան, որը ամեն ինչ պետք է կարգավորեր, ցավոք, Հայաստանում չգործեց, եւ մենք այսօր տեսնում ենք, թե մեր տնտեսությունն ինչպիսի ծանր վիճակում է հայտնվել: Խորհրդային տարիներին մեր արդյունաբերությունը բավականին հզոր էր, ՀՆԱ-ի մեջ 66 տոկոսը արդյունաբերության մասնաբաժինն էր: Այսօր մեր արդյունաբերությունը ՀՆԱ-ի մեջ կազմում է 17-18 տոկոս: Մենք պետք է կարողանանք ՀՆԱ-ի մեջ էապես մեծացնել արդյունաբերության մասնաբաժինը: Դրա համար պետք է նայենք մեր ներքին ռեսուրսները՝ ինչ կարող ենք անել՝ պղնձաձուլարան, «Նաիրիտ», «Վանաձորի քիմպրոմ» եւ էլի ձեռնարկություններ, որոնք կարող են աշխատել ներքին հումքի վրա, դրանք պետք է կարողանանք վերագործարկել»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

23.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930