Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանին. «Պահանջկոտ վարչապետների շոուներ շատ ենք տեսել»

Սեպտեմբեր 24,2016 19:00

«Դե, լավ, այդպիսի շոուներ մենք ինչքան ենք տեսել: Այս 18 տարվա մեջ շոուներ շատ ենք տեսել: Ցավոք, խնդիրն էլ հենց դա է, որ երկիրը գնում է դեպի կործանում, իսկ այդ ամբողջ ընթացքում մեզ ցույց են տալիս շոուներ՝ պահանջկոտ նախարարների, պահանջկոտ նախագահների, պահանջկոտ վարչապետների մասնակցությամբ»,- »Առավոտի« հետ զրույցում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի պահանջկոտ կեցվածքն ու կառավարության նիստում Արծվիկ Մինասյանի նկատմամբ ցուցաբերած մոտեցումն այսպես մեկնաբանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ «Եթե երկրի զարգացումը, առաջընթացը կախված լիներ այդ շոուներից, այսօր Հայաստանը ոչ թե Սինգապուրից, այլ Սինգապուրին, Իսրայելին եւ Շվեդիային միասին վերցրած՝ առաջ էր անցել: Թեեւ արդեն պետք է ասել, որ շոուների հարցում էլ ենք հետ ընկնում. թուրքական սերիալներն արդեն ամբողջ Հարավային Ամերիկայում դարձել են մեծ բրենդ»:
Մեր հարցին՝ հայտարարվեց, որ վարչապետին ազատություն են տալու եւ մեծ հնարավորություններ, ի՞նչ գործիքներ կան նրա ձեռքում, ինչքա՞ն մեծ ազատություն կարող են տալ նրան, որ անգամ շատ մեծ եւ բարի ցանկության դեպքում կարողանա որոշակի փոփոխություններ անել, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում, թե այսքան ժամանակ մեզ բացատրում էին, որ գազի եւ էլեկտրականության գները հնարավոր չի իջեցնել՝ հակառակ մեր պնդումների, հիմա ասում են՝ հնարավոր է, մենք հեսա իջեցնելու ենք: Ու հարց է ծագում՝ ինչո՞ւ են այս ամբողջ ընթացքում ասում՝ ոչ, բայց հենց գալիս են ընտրությունները, ասում՝ այս հարցը կարելի է լուծել: Ինձ թվում է՝ հարցի պատասխանը շատ պարզ է՝ ունեն ցանկություն թալանելու, հասկանում են, որ թալանը շարունակելու կարողությունը կախված է ընտրությունների արդյունքից, եւ ուրեմն գոնե ընտրություններից առաջ կարելի է մի քիչ թուլացնել, թեթեւացնել բոլտերը, մի կերպ անցկացնել ընտրությունները եւ հետո նորից անցնել սիրած գործի իրականացմանը»:
Մեր հարցին՝ Հովիկ Աբրահամյանի միջոցով հնարավոր չէ՞ր դա անել, պարտադի՞ր էր նրան փոխել, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Սրանով իրենք լուծում են նաեւ թարմացման խնդիր: Ի վերջո՝ նպատակն այն է, որ ընտրություններից առաջ ժողովրդի մեջ փոփոխությունների պատրանք ստեղծեն»:
Մեր հարցին՝ նոր վարչապետն ասաց՝ կախարդական փայտիկ չունենք, նույնը ասել էր նաեւ Հովիկ Աբրահամյանը, ասել էր նաեւ Տիգրան Սարգսյանը, սա ի՞նչ է նշանակում, որ մեզ վրա հույս մի՞ դրեք, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Կախարդական փայտիկ ունեն, որովհետեւ շատ կախարդական ձեւով նրանք բոլորը հարստանում են: Ես համաձայն չեմ, որ իրենք կախարդական փայտիկ չունեն՝ ունեն»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

23.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930