ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ գործարար, բարեգործ Անուշավան Աբրահամյանին և նրա տիկնոջը՝ Օֆիկ Աբրահամյանին:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Հրանուշ հակոբյանը բարձր գնահատեց Հայաստանի մարզերում «Անուշավան և Օֆիկ Աբրահամյաններ» հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագիրը, որի շնորհիվ հայստանի 9 մարզերում հիմնանորոգվել են միջին մասնագիտական կրթօջախները և ստեղծվել են 64 արհեստանոցներ՝ կարուձևի ու դիզայնի, վարսավիրության և դիմահարդարման, շինարարության, ատաղձագործության, սնունդի ու սպասարկման, համակարգչային սպասարկման և վերապատրաստման: Նա մասնավորապես ասաց. «Հարգելի տեր և տիկին Աբրահամյաններ, Դուք մեծ ավանդ եք ներդրել Հայաստանի համաչափ զարգացման, մարզերի երիտասարդության մասնագիտական կրթության, մարզային կյանքի աշխուժացման գործում, միաժամանակ Դուք ակտիվ գործունեություն եք ծավալում ձեր համայնքում: Հուսով ենք, որ առաջիկայում Ձեր ճանապարհով կընթանան նաև շատ այլ սփյուռքահայեր՝ աշխատատեղեր բացելով Հայրենիքի բոլոր հատվածներում, նպաստելով երկրի տնտեսության, գիտակրթական և մշակութային ոլորտների համաչափ զարգացմանը»:
Անուշավան Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և կարևորեց համագործակցությունը Հայաստանի պետական և հասարակական կազմակերպությունների, կրթօջախների հետ: Նա նշեց, որ հիմնադրամի գործունեությունը լինելու է շարունակական. «Այս անգամ մեր Հայրենիքում գտնվելը մեծ ուրախություն պատճառեց, հպարտությամբ մասնակցեցինք Հայսատանի 9 մարզերում ռոբոտաշինության և համակարգչային ծրագրավորման արհեստանոցների բացման արարողություններին: Հիմնադրամի նպատակն է որակյալ կրթությամբ ապահովել հատկապես Հայաստանի գյուղական շրջանների երիտասարդներին, ովքեր անապահով ընտանիքներից են: Վստահ եմ, որ մեր շրջանավարտները, չհեռանալով մարզերից՝ ձեռք կբերեն աշխատանք, կապրեն հայրենիքում և վառ կպահեն հայրենի օջախները:
Հիմնադրամը նաև վերապատրաստման ծրագրեր է իրականացնում ուսուցիչների համար և ուսումնաօժանդակ նյութեր ու գրքեր տրամադրում անապահով ընտանիքների երիտասարդներին: Ես փորձում եմ ապրել համեստ կենցաղով և հաճույք եմ ստանում ո՛չ թե շքեղ կյանքով ապրելուց, այլ իմ հայրենիքի զարգացմանը իմ փոքր նպաստը բերելուց, իրականացնելով որոշակի ծրագրեր: Այս գործը շարունակելու են իմ ժառանգները. երեք դուստրերիս կտակել և պատգամել եմ՝ սերնդեսերունդ շարունակել և զարգացնել ծրագիրը»:
Կարդացեք նաև
Քննարկվեցին Հայաստանում նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու, ծրագրի շրջանակներում միջին մասնագիտական հաստատություններում կրթություն և փորձ ձեռք բերած երիտասարդներին աշխատանքով ապահովելու և հիմնադրամի ծրագիրն ընդլայնելու, նոր ոլորտներ ներգրավելու հետ կապված հարցեր:
ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն