Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի նեղացվածությունը վարչապետից կհասնի՞ ՀՀԿ-ի հետ կոալիցիան խզելուն

Սեպտեմբեր 24,2016 18:31

Կառավարության հենց առաջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը վերապահում դրսեւորեց ՀՅԴ-ի նկատմամբ՝ հրապարակային եւ բավական կոպիտ դիտողություն անելով էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին: Ինքը՝ Արծվիկ Մինասյանը, հետագայում լրագրողների հետ զրույցում փորձեց մեղմել կատարվածը` նկատելով, որ վարչապետ է, աշխատանքային հարաբերություններ են, արտառոց ոչինչ չկա:
Բայց հաջորդ օրը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պարզվեց, որ «այդ ոսկորը մնացել է ՀՅԴ-ի կոկորդին»: «Զերծ մնանք շոուների տրամաբանությանը համապատասխանող տպավորություն ստեղծող քայլերից, որովհետեւ, կարծես, նման բաները կարճ կյանք կարող են ունենալ: Ինչ վերաբերում է չհավատալուն, գիտեք` կառավարությունն այն տեղը չէ, որ պետք է հավատալ կամ չհավատալ, որովհետեւ եթե կա մի բան, որ տեսնում ես, ուրեմն պետք է ստուգել, դրա հավատալ-չհավատալը ո՞րն է: Դա հավատափորձության տեղ չէ, դա կոնկրետ կառավարություն է, որտեղ կոնկրետ գործեր պետք է կատարվեն: Կոնկրետ գործերը կա՛մ կան, կա՛մ չկան»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Կառավարության կազմի փոփոխությունների համատեքստում էլ նա իմիջիայլոց հիշեցրեց, որ ՀՅԴ-ն նախագահի հետ է պայմանավորվածություններ ձեռք բերել` կոալիցիա մտնելով: Սակայն Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելիս նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նա կադրային քաղաքականության հարցում մեծ ազատություն է ունենալու: Հետո կուլիսներում էլ խոսակցություններ շրջանառվեցին, որ Կարեն Կարապետյանը համաձայնվել է ստանձնել վարչապետի պաշտոնը հենց այդ պայմանով՝ եթե իրեն կադրային քաղաքականության հարցում լիակատար ազատություն տրվի:
Սահմանադրությամբ կառավարության գործունեության թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է, եւ կառավարության հաջողությունների ու անհաջողությունների թիվ մեկ պատասխանատուն էլ, բնականաբար, վարչապետն է դառնում: Այս ամենի գիտակցումով, հավանաբար, Կարեն Կարապետյանը ի սկզբանե փորձել է հստակեցնել իր իրավունքների եւ պատասխանատվությունների ոլորտը: Այլապես քաղաքական ուժերը, քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, կոալիցիաներ են կազմում, նախարարական պորտֆելներ են ստանձնում, բայց վարչապետի առջեւ պատասխանատվություն չեն կրում: Մեր իրականությունը ցույց տվեց, որ ժամանակին, երբ դեռ ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՕԵԿ-ը, ե՛ւ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ տարբեր ձեւաչափերով կոալիցիաներում էին, ոչ ՀՀԿ-ական նախարարները առավելապես պատասխանատվություն էին կրում սեփական կուսակցական առաջնորդների առջեւ, ոչ թե կառավարության ղեկավարի: Ավելին՝ նույնիսկ բավական զավեշտալի իրավիճակներ ենք ունեցել: Երբ ՕԵԿ-ը հայտարարում էր, որ 68 հազար անդամ ունի, համենայնդեպս՝ կուսակցական լոգոյով այդքան շապիկներ էին բաժանվել քարոզարշավների ընթացքում, ինչի արդյունքում ՕԵԿ-ը կոալիցիոն կառավարություն կազմեց, իրեն բաժին հասած նախարարական պորտֆելներից միայն մեկում սեփական թեկնածուին կարողացան առաջադրել: Դա մշակույթի նախարար Թամար Պողոսյանն էր: Հետո ՕԵԿ-ում ստիպված եղան նախարարական պորտֆելներով գայթակղել այլոց` Հովիկ Հովեյան, Մանուկ Վարդանյան, Սերգո Կարապետյան եւ այլք:
Հիմա ՀՅԴ-ի դրսեւորվելու, այսպես ասած, պատմական պահն է հասունացել: Երբ մի քանի ամիս առաջ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմելու բանակցություններ էր վարում, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթական աշխարհացունց հայտարարությունն արեց այն մասին, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով` ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հեղինակությունն է բարձրացնելու. «Մենք տեսնում ենք, որ իշխանությունները հեղինակազրկված են, ո՞ւմ հայտնի չէ… Մենք մտնում ենք կոալիցիա, որ իշխանության որակը փոխվի»: Հիմա, ասում են, ՀՀԿ-ի հովանավորյալ վարչապետ Կարեն Կարապետյանին դուր չի գալիս ՀՅԴ-ական նախարարների որակը: Որոշ զրույցներում, ասում են, Կարեն Կարապետյանը Արծվիկ Մինասյանին «թույլ նախարար» է որակել ու հայտարարել, որ իր` տեխնոկրատների կառավարությունում, այն էլ նման կարեւորագույն ոլորտում, այլ թեկնածու է ակնկալում ՀՅԴ-ից: Այժմ խոսակցություններ կան, թե Արծվիկ Մինասյանին այլ ոլորտ են տեղափոխում: Բայց դրանք դեռ խոսակցություններ են:
Արծվիկ Մինասյանի հարցը դեռ չփակված՝ երեկ Կարեն Կարապետյանը հերթական «նետն» ուղղեց ՀՅԴ-ական մեկ այլ նախարարի` Լեւոն Մկրտչյանի ուղղությամբ` «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու եւ գույք տրամադրելու մասին որոշման ներկայացման ժամանակ: Ասում են՝ Կարեն Կարապետյանը դեմ է նաեւ Լեւոն Մկրտչյանին, որն արդեն չորրորդ անգամ է նստում կրթության նախարարի աթոռին: Վարչապետը ՀՅԴ-ականներին առաջարկել է այս պաշտոնում էլ այլ թեկնածու ներկայացնել: Դե, ՀՅԴ-ում էլ այլ թեկնածու դեռ չունեն կարծես ու նաեւ մի տեսակ սկզբունքի հարց են դիտարկում իրենց թեկնածուների մերժումը: Թե ո՞ւր կհասնեն ՀՅԴ-Կարեն Կարապետյան հակասությունները, կվերաճե՞ն դրանք այնպիսի խնդիրների, որ ՀՅԴ-ն կլքի կոալիցիան` ժամանակը ցույց կտա: Համենայնդեպս, այս հարցերի շուրջ երեկ մեզ չհաջողվեց խոսել ՀՅԴ-ական գործիչների հետ. մեր զանգերն անպատասխան մնացին: Փոխարենը ՀՅԴ շահերը սպասարկող լրատվամիջոցները Կարեն Կարապետյանի նշանակման օրվանից անխնա քննադատում են նրան:
Իրենց բացատրություններում այդքան պատրաստակամ չէին նաեւ ՀՀԿ-ականները: Ավելի ճիշտ` տեղեկացված չէին, որ կարողանային պատշաճ պատասխաններ տալ, ուստի խուսափում էին այս թեմայի շուրջ ծավալվելուց: Այնուհանդերձ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նորմալ բանավեճ է: Դիտարկմանը, որ ՀՅԴ-ում, այնուհանդերձ, հիշեցնում են նախագահի հետ իրենց պայմանավորվածությունների մասին, մեր զրուցակիցը կողմերին հանդարտություն մաղթեց` ասելով, որ նախագահը «իմաստուն մարդ է» ու կգտնի լարումը հարթելու ձեւը: ՀՀԿ-ական պատգամավորը բացառում է, որ խնդիրը հասնի կոալիցիայի տրոհման:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ.- «Առավոտի« տեղեկություններով՝ Արծվիկ Մինասյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին:Ամենայն հավանականությամբ՝ նա հետագայում կզբաղեցնի բնապահպանության նախարարի աթոռը:

«Առավոտ» օրաթերթ

23.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «այդ ոսկորը մնացել է ՀՅԴ-ի կոկորդին»…
    ————————————————————
    այստեղ եւս մարդս փորձութեան կ’ենթարկվի այս արտահայտութեան աւելի… պատկերաւոր տարբերակը գործածելու,
    սակայն այս կայքէջում այդպիսի բաներ չեն «անցնելու» (ինչ որ լաւ է, նոյնիսկ տպաւորիչ, քանզի Համացանցում շատ չկան այսպիսի վայրեր, ուր կը տիրէ տարրական քաղաքավարություն – բացի երբ որ, որպէս մէջբերում, կը հրատարակվին կարգ մը քաղաքական մարդոց եւ կիներու հռետորական սայթաքումները -)

    ՀՅԴ-ն, եթէ արժանապատվութեան եւ պատիվի իր աւանդական – առասպելական (?) – ըմբռնողությունը պահած լինէր, Ընկեր Մինասյանը գոնէ պէտք է որ հրաժարական ներկայացնէր իր – եւ որեւէ այլ – նախարարի պաշտօնից, հենց այն պահին երբ հանրային հանդիմանություն ստացաւ նոր վարչապետին կողմէ:

    Ամէն դէպքում, ՀՅԴ-ն լաւ կ’ընէ մտածելու նոր դէմքեր, աւելի երիտասարդ անձիք «գործուղելու» կառավարութեան ծոցը: Հետեւելով, ի միջի այլոց, ՀՀԿ-ի իսկ օրինակին…

    Թէ ոչ, այն աստիճան՝ ատակ անձիք այլեւս չեն մնացել այս հին կուսակցութեան մէջ, որ միշտ ու միայն նոյն մի քանի անձիքը կան, տրամադիր կամ տրամադրելի…

    Այս կացությունը պարզապէս խայտառակություն է: Մի այլ առիթ՝ նվաստացման, վարկաբեկման…

    վասն ինչի՞…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930