Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի տեղեկություններով` «Իսկանդեր» ձեռք բերելու վերաբերյալ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ քննարկումները եղել են շատ վաղուց: «Տարիների պատմություն է, դա եղել է ապրիլյան պատերազմից շատ ավելի վաղ»,- վստահեցրեց փորձագետը:
Հայաստանյան հանրությանը մինչդեռ հետաքրքրում է՝ սեպտեմբերի 21-ի զորահանդեսին այդքան ոգեւորություն առաջացրած «Իսկանդեր»-ը հայկական բանակի տրամադրության տա՞կ է, թե՞ ոչ: Պարոն Վրթանեսյանը մի շարք փաստարկներ բերեց՝ հաստատելու, որ «Իսկանդերն» իսկապես հայկական կողմի տրամադրության տակ է. «Այդ կարգի զենքը հարսանիքի մեքենա չէ, որ վարձույթով տան: Այդ զենքը վարում էր հայկական անձնակազմը, ինչն արդեն խոսում է այն մասին, որ կա պատրաստված անձնակազմ, իսկ այդ կարգի տեխնիկայի անձնակազմը վարձույթով մեքենա վարելու համար չի պատրաստվում: Բացի այդ, թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմը հայտարարեց, որ դա հայկական ԶՈՒ սպառազինություն է, կասկածելու որեւէ առիթ չեմ տեսնում, տարբերանշաններն էլ էին հայկական ԶՈՒ-ինը»:
«Իսկանդերը» ռուսական 200 միլիոն դոլար վարկի դիմաց Հայաստանին վաճառված զինտեխնիկայի շարքի՞ց էր, թե՞ ավելի վաղ ձեռք բերված զինտեխնիկա՝ փորձագետը դժվարացավ պատասխանել, բայց ռուսական կողմի հրապարակումներին հղում տալով՝ ասաց, թե «Սմերչները» հաստատ վարկի շրջանակներում են ձեռք բերվել:
Ըստ նրա՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված զինտեխնիկան քարոզչական գործողություն էր. «Հակառակորդին ցույց է տրվում պոտենցիալ հնարավորությունների մի մասը, ժողովրդին ոգեշնչում է»:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ «Իսկանդերը» պետք է չցուցադրեին զորահանդեսի ժամանակ. «Այդ շքերթն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց: Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու համար մնացած միջոցներն ավելի քան բավարար էին, իսկ «Իսկանդերը» թշնամու համար պետք է լիներ անակնկալ»:
Արդյունքում, ըստ պարոն Եղիազարյանի, Երեւանի զորահանդեսից ժամեր անց Ալիեւը Ադրբեջանի ՊՆ-ում խորհրդակցություն հրավիրեց ու շատ վատ հանձնարարական տվեց. «Նա հանձնարարել է, որ պարզեն՝ որտեղ է կայանվելու «Իսկանդերը»:
Կարեն Վրթանեսյանն էլ հստակեցրեց. «Սխալ տեղեկություն է, Ալիեւը ներկա չի եղել այդ նշված քննարկմանը, թեպետ գրված է, որ իր հրահանգով էր, բայց այնտեղ ներկա է եղել Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Բավականին նյարդային ռեակցիա են տվել, թեեւ չեն նշել բացահայտ «Իսկանդեր» համակարգերի անունը, բայց իրենց նյարդայնությունը հենց «Իսկանդերի» հետ էր կապված: Ամբողջ քննարկման իմաստն այն էր, որ հայտարարեն, թե իրենք էլ հնարավորություն ունեն Հայաստանում թիրախներ խոցելու: Իրականում, այո՛, որոշ թիրախներ կարող են խոցել, բայց «Իսկանդերի» կարգի ճշգրիտ, հեռահար սպառազինություն իրենք չունեն»:
Փորձագետի կարծիքով՝ «Իսկանդերը» ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ չօգտագործվեց, որովհետեւ նախ հարց է՝ ապրիլին ունեի՞նք, թե՞ ոչ, մյուս կողմից էլ՝ «Իսկանդերը» այլ կարգի խնդիրներ լուծելու համար է. «Պատերազմն այդ մասշտաբների չհասավ, առաջին գծում «Իսկանդեր» կիրառելն անիմաստ էր»:
Ինչո՞ւ ՌԴ-ն գերադասեց «Իսկանդերը» տրամադրել Հայաստանին, երբ այն ձեռք բերելու ցանկություն են հայտնել հարուստ պետություններ՝ հարցին պարոն Վրթանեսյանը պատասխանեց. «ՌԴ-ն հայտարարել է, որ սպառազինության մատակարարումը կազմակերպում է այնպես, որ ուժերի բալանսը տարածաշրջանում չխախտի: Ինձ թվում է՝ «Իսկանդերի» մատակարարումը պետք է դիտարկել հենց այդ կոնտեքստում: Փորձում են ե՛ւ մեխին խփել, ե՛ւ նալին»:
Կարդացեք նաև
Պարոն Եղիազարյանի դիտարկմամբ. «Հարցեր կան, որոնց այսօր պատասխանել չի լինի: Հարցեր կան, որոնց մասին մամուլով չպետք է խոսել: Այսօր պարզ դարձավ, որ մեկ «Իսկանդերը» մի քանի տասնյակ անգամ գերազանցեց այն զինատեսակներին, որոնք Ռուսաստանը վաճառել էր Ադրբեջանին»:
ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.09.2016թ.