«Կարեւոր է, որ Հայաստանում ՏԻՄ ընտրություններն ունենան մեկ միասնական ընտրական օր»,-համոզված է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Այսօր` սեպտեմբերի 24-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում նա ամփոփեց սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
«Համայնքի ղեկավարների պարագայում 20 տոկոսից ավելի սերնդափոխություն ունենք, ինչը նորմալ, բնականոն երեւույթ է: Այս փուլում ունենք խոշորացվող յոթ համայնքներ, սակայն անգամ խոշոր համայնքներում կուսակցությունները հետաքրքրություն չեն դրսեւորում, թեեւ հակառակն են հայտարարում: Նախորդ ընտրությունների համեմատ` կազմակերպչական մակարդակն ավելի լավն էր, բայց կուսակցությունների մասնակցության առումով մակարդակը ցածր էր»,-նկատեց նա:
Ըստ Էմին Երիցյանի` չնայած ընդդիմադիր կուսակցությունների հայտարարություններին, թե այս կամ այն համայնքում իրենք հաղթել են իշխանական թեկնածուին, շատ դեպքերում հենց գործող համայնքապետերն են ընտրվել. «Համայնքների պարագայում ընտրվելն ավելի շատ թեկնածուի աշխատանքի արդյունքն է, քան կուսակցության քարոզարշավի»:
Տեղական ինքնակառավարման համակարգի քսան տարիները գնահատելով` բանախոսը հետեւյալ խնդիրն առանձնացրեց. «Ինքնուրույն տեղական իշխանություն պետք է ունենալ: Մինչեւ հիմա պահպանվել է սովետական մտածողությունը, թե տեղական իշխանությունը կենտրոնական իշխանության կցորդն է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ