Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական դատարանում սեպտեմբերի 24-ին հրապարակվեց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով որոշումը: Դատարանը որոշեց երկարաձգել նրա խափանման միջոց կալանքը եւս 2 ամսով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Նա ասաց, որ կալանքի երկարաձգման միջնորդության քննության ընթացքում քննիչը չկարողացավ հիմքեր ներկայացնել. «Մեր պնդմամբ՝ դատարանն այդ հարցը տվեց, քննիչը չկարողացավ ոչինչ ներկայացնել: Ավելին՝ հետազոտվել են տեսագրությունները: Ասում են Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը Օպերայի հրապարակում իրենց ելույթներով մարդկանց բորբոքել են տարել են այդ գործողություններին: Անդրիաս Ղուկասյանը իր ելույթում ասում է առանց բռնությունների պետք է ամեն ինչ անել: Լեւոն Բարսեղյանն է ելույթ ունենում, նույնը ասում: Բոլորը այդ մասին են խոսում:
Տեսանք Սարի թաղում Անդրիաս Ղուկասյանի ելույթը, որտեղ ասում է՝ մենք եկել ենք այստեղ անզեն հոգեբանական ճնշում գործադրելու եւ «Սասնա ծռերի» եւ ոստիկանության միջեւ եղբայրասպան գործողություններ թույլ չտալու: Մի խոսքով՝ երեւաց, որ մեղադրանքն անգամ շինծու է, անկախ ամեն ինչից կալանքի տակ պահելու հիմք չկա: Դատարանը, փաստորեն, հերթական անգամ ցույց տվեց, որ գործը քաղաքական է»:
Անդրիաս Ղուկասյանը մասնակցել է դատական նիստին: Կարեն Մեժլումյանի խոսքերով՝ նա շատ լավ եւ տեղին ելույթ է ունեցել: Փաստաբանը մեզ նաեւ հայտնեց, որ պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ