«Երկար ժամանակ անկախություն չունենալուց հետո երկու անկախ հանրապետություն ունենալու փաստը կարեւոր է Սփյուռքի համար, քանի որ սփյուռքում հայրենիքից կտրված լինելու փաստը հոգեբանական եւ ինքնության տեսանկյուններից բարդություններ էր ստեղծում»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ անկախության 25-ամյակի ձեռքբերումներից` ասաց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Ներկայիս խնդիրներից նա առանձնացրեց արտագաղթը. «Ժողովրդագրական պատկերը լուրջ խնդիր է»:
Պատմաբան Էդիկ Մինասյանն էլ ձեռքբերում է համարում կառավարման համակարգի առկայությունը, պետականությունը, երկրորդ հանրապետության գոյությունը, ազգային բանակը. «Բանակն անցավ դաժան փորձությունների միջով, դարձավ մարտունակ եւ այսօր վստահորեն ապահովում է մեր անվտանգությունը: Վկան` սեպտեմբերի 21-ի զորահանդեսը»: Էդիկ Մինասյանն էլ ընդգծեց Սփյուռքից ներդրումների պակասի խնդիրը. «Փոխադարձ վստահության պարագայում Սփյուռքը պետք է ակտիվ լինի»:
Արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը եւս մատնանշեց արտագաղթի խնդիրը, իսկ որպես ձեռքբերում` հետեւյալը. «Հայաստանը որպես պետություն կայացավ դժվար տարածաշրջանում, կարողացավ պաշտպանել իրեն թշնամական ոտնձգություններից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև