ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին:
Արամայիս Գրիգորյանը ողջունել և շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ նշելով, որ բնապահպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցությունն ամուր և կայուն հիմքերի վրա է, ինչը լավագույն նախապայման է հետագա շարունակական սերտ համագործակցության և համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու համար: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում հայ-վրացական հարաբերությունները բնապահպանության ոլորտում առավել ակտիվ և սերտ կլինեն:
Դեսպան Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի առավելագույնը հայ-վրացական բարեկամական հարաբերություններն առավել սերտացնելու և համատեղ նոր բնապահպանական ծրագրեր նախաձեռնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների կողﬕց վավերացված բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված համատեղ ծրագրերը, ինչպես նաև բնապահպանության ոլորտում անդրսահմանային համագործակցության ամրապնդման հարցերը: Մասնավորապես անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանում անհետացման եզրին գտնվող երկու կենդանատեսակների՝ բեզոարյան այծի և կովկասյան ազնվացեղ եղջերուի փոխանակման ծրագրով նախատեսված պարտավորություններին:
Կարդացեք նաև
Ծրագրի առաջին փուլով ՀՀ-ն կատարել է իր պարտավորությունները՝ Վրաստանին փոխանցելով բեզոարյան այծի 9 առանձնյակ, իսկ երկրորդ փուլով նախատեսվում է մինչ տարեվերջ կովկասյան ազնվացեղ եղջերուների տեղափոխումը Հայաստան: Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ «Դիլիջան» ազգային պարկում արդեն իսկ պատրաստ են եղջերուների համար նախատեսված ազատավանդակները և անհրաժեշտ բոլոր պայմանները: Դեսպան Սագանելիձեն իր հերթին խոստացել է նպաստել ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը սեղմ ժամկետներում:
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն