Ամերիկահայ գրող, «Կալիֆորնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը վերջին 25 տարիների մեծագույն ձեռքբերում է համարում Արցախի անկախացումը: «Բացի այդ, 25 տարի Հայաստանը երկու կողմից շրջափակման մեջ է, հակառակ դրան` ժողովուրդը կարողացավ հնարամիտ միջոցներ գտնել գոյատեւելու եւ տնտեսական որոշակի աճ արձանագրելու: Նորմալ չենք ապրում, բայց քիչ երկրներ կան, որ շրջափակման մեջ են եւ փորձում են ապրել»,-այսօր «Նոյան Տապան»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Հարութ Սասունյանը մատնանշեց նաեւ բացթողումները. «Սարսափելի, ահավոր արտագաղթ է, որն անկախ ՀՀ պատմության մեջ գոյատեւման ամենամեծ վտանգն է: Մյուսը` ժողովրդի տնտեսական վատ վիճակն է: Անհավատալի է, որ ժողովուրդը կարողանում է դիմանալ: Հրաշք է, որ այսքան ժողովուրդ դեռ մնացել է ՀՀ-ում: Նրանք առնվազն պետք է ապրուստի տարրական պայմաններ ունենան, արժանավայել ապրեն: Մեծամասնության պարագայում դա բացակայում է: Դրսում յոթ միլիոն հայ կա: ՀՀ-Սփյուռք կապերն ամրացնելու փորձերն, իմ կարծիքով, մեծ հաջողության չեն հասել»:
Սասունյանն անդրադարձավ նաեւ ՀՀ նոր կառավարությանը. «Եթե ասում են, որ բարեփոխումներ պետք է անեն, ուրեմն այն, ինչ ունենք մինչեւ հիմա, բավարար չէ: Խոստովանում են, որ ինչ-որ բան այնպես չէ եւ պետք է բարելավվի: Նոր կառավարությանը պետք է առիթ տալ` այդ աշխատանքը տանել: Ամեն ինչ չի լուծվի միանգամից` հաջորդ ամիսներին, բայց փոքր ձեռքբերումներ պետք է լինեն, որ ժողովրդին հույս ներշնչեն»:
Ըստ բանախոսի` ՀՀ ղեկավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի` սփյուռքին ՀՀ տարբեր ոլորտներում ներգրավելու համար. «Դա միայն նեղ շրջանակներում է այսօր արվում` թերի ձեւով: Շատ սփյուռքահայեր այլեւս ներդրումներ չեն անում Հայաստանում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ