Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դատարան չէ, այլ՝ պատվեր կատարող մարմին». Կյուրեղյանը դատարանում հայտարարություն արեց

Սեպտեմբեր 24,2016 15:16

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Սասնա ծուռ» Արեգ Կյուրեղյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Կյուրեղյանի պաշտպան՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանը Aravot.am-ին պատմեց, որ Կյուրեղյանը նույնպես մասնակցում էր միջնորդության քննությանը եւ դատարանում հանդես է եկել հայտարարությամբ:

«Արեգ Կյուրեղյանը հայտարարեց, որ իրենք ինչ-որ արել են, արել են բաց ու պարզ՝ երկիրը ազատագրելու համար: Իր համար միեւնույնն է, եթե դատարանը իրեն պետք է դատի, թող դատի: Նաեւ ասաց՝ դատարանին չի դիտում որպես արդարադատություն իրականացնող մարմին, սա դատարան չէ, այլ պատվեր կատարող մարմին է»,- Արեգ Կյուրեղյանի հայտարարությունը փոխանցեց փաստաբանը:

Ըստ փաստաբանի, քննիչն իր միջնորդությունը հիմնավորել է այս գործերով արդեն հայտնի, շաբլոնային հիմնավորումներով, այն է՝ ազատության մեջ գտնվելով՝ կխոչընդոտի գործի քննությանը. «Նույն հիմնավորումները ներկայացրեց, որ առկա են հիմնավոր կասկածներ, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող գործողությունները, չնայած հիմնավոր կասկածը հաստատող ապացույցներ դատարանին չներկայացվեցին: Նաեւ ասացին, որ մտավախություն ունեն՝ Կյուրեղյանը, ազատության մեջ հայտնվելով, կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը, ինչը մերկապարանոց հայտարարություններ են»:

Այս պահին դատարանի շենքի դիմաց ի պաշտպանություն «Սասնա ծռերի» բողոքի ակցիա է իրականացվում: Նշենք, որ այսօր «Սասնա ծռերի» մի քանի անդամների վերաբերյալ կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդության քննություններ են ընթանում:

Պարոն Շուշանյանի խոսքով, չնայած իր պաշտպանյալին ծանր հոդվածով առաջադրված մեղադրանքին, որեւէ հիմք չկա նրան անազատության մեջ պահելու. «Պատժի խստությունը, որի վրա հղում է անում նաեւ նախաքննական մարմինը, չի կարող բավարար հիմք ու պատճառ լինել անձին ազատությունից զրկելու համար: Եվրոպական դատարանի դիրքորոշումն ենք վկայակոչում, համաձայն որի, այդ արարքի ծանրությունն ու պատժի խստությունը չեն կարող բավարար պատճառ դիտվել անձի ազատությունը սահմանափակելու համար: Անհրաժեշտ են նաեւ համոզիչ փաստարկներ առ այն, որ ազատության մեջ հայտնվելով՝ անձը կարող է դրսեւորել ոչ պատշաճ վարքագիծ: Անմեղության կանխավարկածն է գործում, քանի դեռ չկա օրինական դատավճիռ խոսել անձի կողմից հանցանք կատարելու մասին, չենք կարող»:

Հիշեցնենք, որ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով: Նա մեղադրվում է «կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելում կրելու, պատանդ վերցնելու և պահելու» մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930