Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գործող ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» Մասնագիտական խորհրդի և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Գիտական խորհրդի համատեղ նիստ, որի օրակարգում Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Իսրայելյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններն Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման տասնամյակում (2002-2012 թթ.)» վերնագրով մենագրության շնորհանդեսն էր:
Նիստը վարում էր ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա նշեց, որ ՊՆ ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանները, միջազգային հեղինակավոր հետազոտական համալսարանների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, նրանց փորձի ուսումնասիրմամբ և դրա՝ Հայաստանում տեղայնացմամբ, ջանում են զարգացնել ու բարձրացնել մեզանում անվտանգային խնդիրների հետազոտության մակարդակը՝ ի նպաստ պետության անվտանգության ամրապնդման: Այս համատեքստում նա բարձր գնահատեց Անդրանիկ Իսրայելյանի հետազոտական աշխատանքը՝ հարևան պետության արտաքին քաղաքականության ուսումնասիրման տեսանկյունից:
Անդրանիկ Իսրայելյանի մենագրությունը ուսումնասիրում է Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման տասնամյակում Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսական հիմքերը և վերլուծում գործնական ուղղությունները: Մենագրությունն անդրադառնում է նաև տարբեր ուղղություններով Թուրքիայի արտաքին քաղաքականության ազդեցությանը Հայաստանի Հանրապետության և հայության շահերի վրա: Աշխատանքը նախատեսված է պատմաբանների, միջազգայնագետների, դիվանագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակների համար:
Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան ՊԱՀՀ-ի պետի գիտության գծով տեղակալ-ԱՌՀԻ-ի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ՊԱՀՀ-ի Գիտխորհրդի և 056 Մասնագիտական խորհրդի այլ անդամներ: Նրանք, կարևորելով Անդրանիկ Իսրայելյանի մենագրությունը, մաղթեցին նրան նոր հաջողություններ իր հետագա գիտական աշխատանքում:
Կարդացեք նաև
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան