Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է անելու Կարեն Կարապետյանը ԱԺ ընտրություններից հետո

Սեպտեմբեր 24,2016 14:12

Նոր վարչապետից հետո միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում: Ինչքան էլ նոր վարչապետն ապաքաղաքական դեմք լինի, կասկածից վեր է, որ նա մեծ դեր է ունենալու ոչ միայն Հայաստանի տնտեսության հարցերում, այլեւ ընտրական ու նախընտրական հարցերում՝ կապված ԱԺ առաջիկա ընտրությունների հետ:
Ըստ նոր Սահմանադրության` ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը հանրապետությունում առաջին դեմքն է համարվելու, իսկ մինչ այդ երրորդն է, իսկ գործնականում՝ երկրորդը, իսկ դա նշանակում է, որ ընտրական ու նախընտրական գործընթացներում էլ է լուրջ ու նշանակալի դեր ունենալու: Այսինքն` եթե նույնիսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերստին դառնա ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, կասկածից վեր է, որ նոր ու գործող վարչապետն ԱԺ ընտրությունների հետ կապված ավելի մեծ դեր ու ազդեցություն է ունենալու, քան հինը: Եվ քանի որ խորհրդարանի դերն ու նշանակությունը մեր կյանքում, ըստ նոր Սահմանադրության, ավելի ու ավելի է մեծանում, կասկածից վեր է նաեւ, որ նոր վարչապետն ԱԺ նախընտրական շրջանում պասիվ հայեցողի դեր չի ստանձնելու եւ փորձելու է իր մարդկանց տանել խորհրդարան եւ, ինչու չէ, խորհրդարանում իր թիմն ունենալ: Այնպես որ` ինչքան էլ Կարեն Կարապետյանը ներկայացվի իբրեւ ապաքաղաքական անձնավորություն, նա լիովին մխրճվելու է Հայաստանի ներքաղաքական ու կուսակցական կյանքի մեջ: Ընդ որում՝ ուղնուծուծով է մխրճվելու: Ուզի թե չուզի:
Իսկ ի՞նչ է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի ճակատագիրը: Չէ՞ որ էդ գործին Հովիկ Աբրահամյանն էր լծվել: Հիմա նա, եթե նույնիսկ շատ ցանկանա, չի կարող էդ գործն առաջ տանել: Լավագույն դեպքում ինքը պիտի ձգտի չդառնալ կոռուպցիայի դեմ պայքարի թիրախ, եթե, իհարկե, նոր վարչապետն էլ որոշի կոռուպցիայի դեմ պայքար մղել:
Փաստորեն, ըստ նոր Սահմանադրության, հանրապետության առաջին դեմքին ոչ թե ժողովուրդն է ընտրելու, այլ ժողովրդի ընտրած պատգամավորները: Այդ իմաստով ԱԺ պատգամավորների դերն անհամեմատ ավելի է մեծանալու, քան նախկինում էր: Իսկ դա նշանակում է, որ ավելի շատերն են ձգտելու ու փորձելու պատգամավոր դառնալ: Բայց մենք գիտենք, որ ձգտելն ու փորձելն այլ բան է, հաջողության հասնելը՝ միանգամայն այլ:
Այսուհանդերձ, ինչքան էլ նոր վարչապետի հետ հույսեր կապենք, մեջներիս նույնիսկ ամենալավատեսները չեն կարող ենթադրել, որ նոր վարչապետի գալով՝ Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունները կդառնան ազատ, արդար ու թափանցիկ: Մինչդեռ բոլորն են հասկանում ու գիտակցում, որ վարչապետն իր լծակների շնորհիվ ամենամեծ հնարավորությունն ունի իր մարդկանց պատգամավոր դարձնելու համար: Նախագահից հետո՝ իհարկե: Ինչպես միշտ, այս անգամ էլ է նախագահը որոշելու, թե հիմնականում քաղաքական ինչ ուժեր ու անհատներ են ընդգրկված լինելու Ազգային ժողովում: Ընդ որում, իր իսկ շահերից ելնելով է որոշելու, այլ ոչ թե վարչապետի: Դա նշանակում է, որ վարչապետն էլ իր շահերից ելնելով՝ պիտի այդ ուղղությամբ մտածի, այլապես առնվազն Ազգային ժողովի հարցուպատասխանի օրերին մի քանի սանձարձակ ու անկառավարելի պատգամավորներ իրենց անհարմար հարցերով կարող են վարչապետի կյանքը հարամել: Դա նշանակում է, որ վարչապետն ԱԺ-ում պիտի իր մարդիկ ունենա՝ ներառյալ ընդդիմության շարքերում: Այսինքն՝ ինչքան էլ նոր վարչապետն ապաքաղաքական անձնավորություն լինի, ստիպված է լինելու իր աշխատանքային օրվա զգալի մասը զոհաբերել ընտրություններին եւ ընտրությունների հետ կապված հարցերին: Որովհետեւ վարչապետի վարչապետության ժամանակը մեկին մեկ համընկել է ընտրությունների ու նախընտրական ժամանակաշրջանի հետ:
Իսկ ընտրություններից հետո ինչ կլինի՝ միայն Աստծուն է հայտնի: Իսկ մեզ ընդամենը հայտնի է, որ ԱԺ ընտրություններից հետո պատգամավորների կողմից ընտրված վարչապետն է Հայաստանում առաջին դեմք հանդիսանալու: Համաձայն նոր Սահմանադրության: Եվ համաձայն նոր Սահմանադրության՝ Հայաստանի առաջին դեմքին ոչ թե ժողովուրդն է ընտրելու, այլ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները: Պատգամավորների մեծամասնությունն ում ընտրեց, նա էլ կհանդիսանա Հայաստանի առաջին դեմքը: Բազմաթիվ քաղաքական դիտորդներ այն կարծիքին են, որ վերստին կհաղթի ՀՀԿ-ն, եւ վարչապետ կընտրվի Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ ԱԺ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը կշարունակի հանդիսանալ Հայաստանի առաջին դեմքը: Շատերը համոզված են, որ հենց այդ նպատակով էլ տեղի ունեցան սահմանադրական փոփոխությունները:
Իսկ ի՞նչ պիտի անի ԱԺ ընտրություններից հետո ներկայիս վարչապետը: Կասկած չունենք, որ նրա համար Հայաստանում հարմարավետ պաշտոն կճարվի: Բայց այդ պաշտոնը դժվար թե ավելի լավը լինի, քան «Գազպրոմի» իր մոսկովյան պաշտոնն էր: Որոշ քաղաքական դիտորդներ էլ գտնում են, որ դժվար թե Կարեն Կարապետյանն իր մոսկովյան պաշտոնը թողներ՝ ընդամենը յոթ ամիս Հայաստանում վարչապետ աշխատելու համար, այն էլ՝ այս խառը ու բարդ ժամանակաշրջանում: Այստեղից էլ եզրակացնում են, որ Կարապետյանին Պուտինն է ստիպողաբար ուղարկել:
Սրանք բոլորն ընդամենը ենթադրությոններ են: Իսկ թե իրականում ինչն իչոց է՝ պարզ կդառնա ԱԺ ընտրություններից հետո: Միգուցե ավելի շուտ:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

24.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930