Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եղանակային փոփոխությունները եւ սուր հոտերը՝ գլխացավի առիթ

Սեպտեմբեր 24,2016 14:30

 

Հոգնածությունը եւ սթրեսը գլխացավի ամենատարածված բացատրություններից են: Պարզվում է, որ կան գլխացավի մի քանի այլ պատճառներ, որոնց մասին չենք էլ մտածել:

Aif.ru-ն նշում է, որ սուր հոտերը զգայուն մարդկանց մոտ հաճախ են դառնում գլխացավի առիթ:

Սուր հոտեր

sur-hoterՍուր տեսողությունը, անխոս, դրական ցուցանիշ է, բայց այ, չափից ավելի զգայուն հոտառությունը հակառակ արդյունքն է ունենում: Պարզվում է, որ սուր հոտառության տեր մարդիկ հաճախ տառապում են իրենց «տաղանդի» պատճառով: Օծանելիքի, կոսմետիկայի եւ նույնիսկ լվացքի փոշու սուր հոտերը կարող են առաջացնել ծանր գլխացավ, գլխապտույտ եւ սրտխառնոց: Գլխացավը կարող է պարբերաբար կրկնվել կամ շարունակվել ամբողջ օրվա ընթացքում:

Պարզվում է, որ ուժեղ բուրմունքը ակտիվացնում է քթի նյարդային բջիջները, որն էլ հանգեցնում է նյարդային համակարգի ուժեղ գրգռման: Ցինցինատի Վինսենտ Մարտինի մասնագետները հայտնել են, որ վատագույն հանգամանքն այն է, որ հաճախ հենց հաճելի հոտերն են գլխացավի պատճառ դառնում:

Հոտերի նկատմամբ զգայուն մարդկանց խորհուրդ է տրվում չօգտագործել սուր հոտով մաքրության պարագաներ, օդը թարմացնող միջոցներ, հոտավետ օճառներ եւ շամպուններ: Սա, ի դեպ, օգտակար կլինի ոչ միայն ձեր գլխին, այլեւ մաշկին:

Կալիֆոռնիայի համալսարանի բժիշկ Էնդրյու Չարլզը նրանց, ովքեր չեն կարող իրենց շրջապատում չեզոքացնել սուր հոտերը, օրինակ՝ գործընկերոջը խնդրել, որ սուր հոտով օծանելիք չօգտագործի, խորհուրդ է տալիս խմել ասպիրին կամ իբուպրոֆեն: Այս դեղամիջոցները պայքարում են ոչ միայն ցավի, այլեւ գրգռվածության հետեւանքի դեմ:

 

Եղանակային փոփոխությունները

Մթնոլորտային ճնշման, օդի ջերմաստիճանի տատանումները, նորմայից ավելի խոնավությունը, տեւական ժամանակ արեւի լույսի բացակայությունը ազդում են մեր ինքնազգացողության վրա: Մարդկանց համար, ովքեր հատկապես զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ, բժիշկները տվել են «մարդ-բարոմետր» անվանումը:

Մթնոլորտային կտրուկ փոփոխությունները «սպանում» են ուղեղի քիմիական եւ էլեկտրական ռիթմերի աշխատանքը եւ գրգռում նյարդային համակարգը: Ի դեպ, ըստ դոկտոր Մարտինի՝ գլխացավերի ավելի քան 50%-ը կապված է այս փոփոխությունների հետ:

Կոլումբիայի համալսարանի դոկտոր Մարկ Գրինն էլ նշել է, որ սպասվող վատ եղանակից մեկ-երկու օր առաջ օրվա ընթացքում ընդունեք 400 միլիգրամ իբուպրոֆեն: Նա նաեւ խորհուրդ է տալիս առավոտյան աչքերին դնել սառը թրջոց:

Կայքը նաեւ նշում է, որ գլխացավի առիթ կարող են դառնալ ականջօղերը, մազերը ձիգ հավաքելը, կիպ աբադոկները, գլխարկները:

Գլխացավի առիթ հաճախ լինում է նաեւ քաղցը, իսկ որոշ մարդկանց մոտ՝ սեքսի պակասը:

Պատրաստեց Անուշ Մաթեւոսյանը

«Առավոտ» օրաթերթ

21.09.2016թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930