Շերլոկ Հոլմսի կերպարը ստեղծել է բրիտանացի գրող Արթուր Կոնան Դոյլը։ Նրա աշխատանքները՝ նվիրված Շերլոկ Հոլմսին, համարվում են դետեկտիվ ժանրի դասական օրինակներ։ Շերլոկ Հոլմսի մասին ընդհանուր առմամբ գրվել է 56 պատմվածք եւ 4 վեպ։
Շերլոկ Հոլմսի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր եւ հեռուստասերիալներ։ 2017-ի ամենասպասված իրադարձություններից է բրիտանական Շերլոկ Հոլմսի նոր եթերաշրջանը: Արդեն շրջանառության մեջ է դրվել նաեւ թրեյլերը: Դետեկտիվ Հոլմսի մասին բազմաթիվ հետաքրքիր փաստեր կան: Օրինակ՝ այն, որ Շերլոկ Հոլմսի IQ-ն 190 էր, այսինքն՝ այնքան, ինչքան նրա հայրենակից սըր Իսահակ Նյուտոնինը:
Աղբյուրների մեծամասնությունը փաստում է, որ Արթուր Կոնան Դոյլը իր գրական հերոսի անունը վերցրել է հին բրիտանական Shearlock ազգանունից, որը նշանակում է բաց գույնի մազերի գանգուրներ, ոմանք էլ ասում են, որ գրողին ոգեշնչել է հանրահայտ ջութակահար Ալֆրեդ Շերլոկը: Մեկ այլ վարկածի կողմնակիցները պնդում են, որ Շերլոկ անունը ծագել է հանրահայտ կրիկետ խաղացողներ Շերվինի եւ Շեկլոկի ազգանունների համադրությունից:
Իմիջիայլոց, ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ Շերլոկ Հոլմսը հայտնվել է 254 ֆիլմերում եւ հեռուստաշոուներում: Internet Movie բազայում ավելի մեծ թիվ է հիշատակվում` 292: Շերլոկ Հոլմսին մինչեւ հիմա մարմնավորել են 90 դերասաններ՝ տարբեր ֆիլմերում եւ սերիալներում: Կա մեկ այլ հորինված հերոս, որ դարձյալ հաճախ է հայտնվում ֆիլմերում, ի տարբերություն Հոլմսի՝ նա մարդ չէ: Խոսքը Դրակուլայի մասին է:
Որսորդի հայտնի գլխարկը, որ տարբեր ֆիլմերում կրում է Շերլոկ Հոլմսը, ի սկզբանե նշված է եղել Դոյլի մոտ, այն նկարել էր գծանկարիչ Սիդնի Պեդջետը, որը Հոլմսի մասին պատմվածքների նկարներ էր նկարում տարբեր ամսագրերի համար:
Շերլոկ Հոլմսն ավագ եղբայր ունի՝ Մայքրոֆտ Հոլմսը, նա նույնիսկ ավելին կարող է անել, քան եղբայրը, ու ավելի հնարամիտ է, բայց հայտնիության դափնիները միայն Շերլոկին են պատկանում: Ինչ վերաբերում է Մայքրոֆտ Հոլմսին, նրա մասին հիշատակվում է Կոնան Դոյլի երկու՝ «Հույն թարգմանիչը» եւ «Բրյուս Պարտինգտոնի գծագրերը» պատմություններում:
Հոլմսի նախնիների ու ընտանիքի մասին քիչ բան է հայտնի։ «Թարգմանչի դեպքը» պատմվածքում Հոլմսն ասում է. «Նախնիներս գավառական կալվածատերեր էին եւ ապրում էին երեւի թե նույն կյանքով, որը բնորոշ է իրենց դասին»: Հոլմսը նաեւ հիշատակում է, որ իր տատիկը ֆրանսիացի գեղանկարիչ-բատալիս Օրաս Վերնեի քույրն էր։ Ինչ վերաբերում է նրա եղբայր Մայքրոֆտ Հոլմսին, նրանից մեծ էր յոթ տարով եւ աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում։ Նաեւ «Նորվուդի կապալառու»-ում հիշատակվում է երիտասարդ բժիշկ Վերները՝ Հոլմսի հեռավոր բարեկամը: Հոլմսի այլ բարեկամների մասին հիշատակումներ չկան։
Շերլոկ Հոլմսը ժամանակին ապրել է Բեյքեր սթրիթում: Նա վարձել էր բնակարան՝ Բեյքեր սթրիթ 221-Բ (221b Baker Street) հասցեում: Այժմ այդ վայրում գրական հերոսին նվիրված թանգարան է գործում:
Ըստ kulturologia.ru-ի
«Առավոտ» օրաթերթ
21.09.2016թ.