Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սեպտեմբերի 23-ին քննվում էին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների եւ նրանց աջակիցների կալանքը երկարաձգելու միջնորդությունները:
Այդ թվում քննվում էին նաեւ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի եւ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի գործերը: Դավիթ Հովհաննիսյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը նշանակված էր 16:30, սակայն քննիչը չէր ներկայացել եւ նիստը հետաձգվել էր մինչեւ 20:00-ն:
Սակայն, Դավիթ Հովհաննիսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը Aravot.am-ին հայտնեց, որ դատական նիստն, այնուամենայնիվ, չի կայացել. դատարանի շենքը հոսանքազրկվել է: Հոսանքազրկման պատճառով ընդմիջվել է նաեւ Անդրիաս Ղուկասյանի կալանքի միջնորդության քննությունը: Դավիթ Հովհաննիսյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը դատարանը կքննի շաբաթ՝ սեպտեմբերի 24-ին՝ 14:00-ին:
Հիշեցնենք՝ Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Իսկ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ