Aravot.am-ի տեղեկություններով առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Լեւոն Ալթունյանը: Նա ներկայումս «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն է: Մեր տեղեկություններով պարոն Ալթունյանն այսօր առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի հետ եղել է նախագահի նստավայրում, հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին:
Լեւոն Ալթունյանը մեզ հետ զրույցում այս լուրերը չհերքեց: Պարոն Ալթունյանն ասաց, որ ՀՀ նախագահի եւ վարչապետի մոտ հարցազրույցն անցել է.«Կարծում եմ՝ լավ տպավորություն եմ թողել, բայց պաշտոնական հրամանից հետո կարող եմ հստակ բան ասել»:
Պարոն Ալթունյանին առողջապահության նախարարի պաշտոնի նշանակումն, ըստ էության կլինի կամ վաղը, կամ եկող շաբաթվա սկզբին:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝Լեւոն Ալթունյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մանկության ընկերներ են, եւ վարչապետը նրան շատ վստահում է:
Կարդացեք նաև
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պարոն Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ է, նա առողջապահության ոլորտին քաջատեղյակ է:
Ստորեւ ներկայացնում ենք Լեւոն Ալթունյանի կենսագրությունը՝
1979-1985 թվականներին սովորել է Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում: 1986-1989 թվականներին աշխատել է Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում որպես բժիշկ-անեսթեզիոլոգ, իսկ 1989—1995 թվականներին աշխատել է Երեւանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում կրկին որպես բժիշկ-անեսթեզիոլոգ: Պարոն Ալթունյանը 1995-1999 թվականներին «Արգո» ՍՊԸ-ի տնօրեն է եղել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ