Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հովհաննես Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը: Դատարանի որոշմամբ՝ Հովհաննես Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով:
Ղազարյանի պաշտպան Անի Չատինյանը Aravot.am-ին ասաց, որ քննիչն իր միջնորդությունը հիմնավորել է անհրաժեշտ քննչական գործողություններ անելու հանգամանքով, ասաց՝ մի շարք փորձաքննության եզրակացությունների է սպասում, հեռախոսազանգերի վերծանումներ է կատարում: Քննիչը նաեւ մտավախություն է հայտնել, որ ազատության մեջ գտնելով Ղազարյանը կխոչընդոտի նախաքննությանը:
«Դատարանի հարցին՝ ինչ հիմնավոր կասկածներ ունեք, քննիչը ոչ մի հիմնավորում չներկայացրեց: Հովհաննես Ղազարյանը ներկա էր նիստին, ասաց՝ որեւէ արարք չի կատարել, նախկինում էլ որեւէ մեկին խոչընդոտելու փորձ չի արել, հետեւաբար որեւէ փաստարկ բերել, որ ինքը կխուսափի քննությունից կամ կխոչընդոտի, չկա»,- պատմեց Ղազարյանի պաշտպանը:
Ինքը եւս առարկել է միջնորդությունը՝ ասելով, որ հիմնական գործողություններն իրականացված են, փորձագետների վրա Հովհաննեսը չի կարող ազդել, տուժողներն առհասարակ որեւէ կապ չունեն Հովհաննեսի հետ, նրա գործողությունների հետեւանքով չէ, որ վնասվածքներ են ստացել: Բայց դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը:
Կարդացեք նաև
«Քննիչի միջնորդության հիմնավորումները օրենսգրքային բառակապակցություններ էին, որը բոլոր դեպքերում շաբլոնի ձեւով գրում են, բայց որն ըստ էության, հիմնավորում չէ: Բայց, քանի որ դատարաններն էլ, ըստ էության, կատարում են շաբլոնային որոշումների կնքողի դերը, որեւէ բան չի կաշկանդում վարույթ իրականացնող մարմնին»,- ասաց Անի Չատինյանը:
Հիշեցնենք՝ վերջինս կալանավորվել է «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
«շաբլոն»… «շաբլոնային»…
զարմանալի չէ որ այս փաստաբանը օգտագործում է այդ բնոյթի ակնարկություններ
քանզի, նկատի առնելով իր այս հատուկ հաճախորդները,
ծաղրածուների մասնագէտ է, հաստատ
ի դէպ, նորմալ երկիրներում (ուր փաստաբանները իրենց վկայականները չեն գներ վերնիսաժից),
այդ խօսքերը «contempt of court» կը նկատուին
եւ փաստաբանը կրնայ տուգանք ստանալ, կամ նոյնիսկ բանտարկվիլ