Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ Վիեննայում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:
Անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 20-ին Վիեննայի Սբ. Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո հայրապետական խոսքով հանդես եկավ Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը: Պատարագին մասնակցեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցեցին Ավստրիայում հավատարմագրված մի քանի տասնյակ դեսպաններ և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչներ, Ավստրիայի դաշնային խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական ու հասարակական, մշակութային ու գիտակրթական շրջանակների, ինչպես նաև ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Իր ողջույնի խոսքում դեսպան Կիրակոսյանը շնորհավորեց ներկաներին անկախության տոնի կապակցությամբ և նշեց, որ, թեև անկախությունը վերագտնելուց ի վեր Հայաստանը բախվեց բազմաթիվ դժվարությունների, այդուհանդերձ կենսունակ պետություն կառուցելու տեսանկյունից շոշափելի առաջընթաց է արձանագրել: Դեսպան Կիրակոսյանն առանձնահատուկ կարևորեց Ավստրիայի և Հայաստանի այլ բարեկամ երկրների աջակցությունը, որի շնորհիվ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին անցյալ քառորդ դարում հաջողվեց զգալի ձեռքբերումներ ունենալ: ՀՀ դեսպանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի ու բարեկամ Ավստրիայի հարաբերությունները և քաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակի վրա: Այս համատեքստում դեսպանը կարևորեց նաև Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանի գյուղատնտեսության, կառավարման ապարատի և այլ ոլորտների արդյունավետության բարձրացմանն ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Դեսպան Կիրակոսյանը նաև անդրադարձավ Վիեննայում գտնվող մի շարք միջազգային կազմակերպությունների, հատկապես ԵԱՀԿ-ի շրջանակներում ծավալվող կարևորագույն գործունեությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի մասնագիտական մի շարք կառույցների, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի, ՄԱԿԶԿ-ի, ՄՊՀԱՓԿ-ի շրջանակներում ընթացող արդյունավետ միջազգային համագործակցությանը:
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումն ուղեկցվեց ավստրիահայ երաժիշտների կողմից հայկական մեղեդիների ջազային մշակումների կատարումներով:
ՀՀ ԱԳՆ