Ինչպես հայտնի է՝ երեկ ՀՀ կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը կառավարությանն է ներկայացրել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին հարցը: Նախարարի առաջարկը, սակայն, այնքան էլ հասկանալի չի եղել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Կարեն Պետրոսյանն ասաց, որ նախարարի՝ երեկվա ներկայացրած առաջարկի մեջ իրենց բուհը Գյումրու մանկավարժականի հետ միավորելու ու համալսարան ստեղծելու մասին խոսք չկա․ իրենց բողոքներից հետո այն դուրս են հանել որոշման նախագծից։
«Մեր բուհը շարունակում է իր բնականոն գործունեությունը, գործում է որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ։ Հիշում եք, որ մենք հանդիպեցինք կրթության ու գիտության նախարարի հետ և՛ կոլեկտիվը, և՛ ուսանողությունը իրենց դժգոհությունները ներկայացրեցին առաջարկվող նախագծին, այսինքն` տնտեսագիտական համալսարանը լուծարելուն և այն Գյումրու մանկավարժական ինստիտուտին միավորելուն։ Մենք մեր մեկնաբանությունները, անհանգստությունները, մտահոգությունները, կարծիքը ներկայացրեցինք նախարարին և փաստորեն մեր համալսարանը լուծարելու հարցը այդպես էլ չընդգրկվեց։ Օրակարգում մնացել է միայն Գյումրու մանկավարժական ինստիտուտի համալսարան դառնալը, այն որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն վերակազմավորվում է՝ որպես հիմնադրամ»,- ասաց Կարեն Պետրոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Նկատի ունեցեք, որ նախարար Մկրտչյանը Սահակ Մինասյանի հետ բարիշել է, որ շատ արագ նրան ռեկտորի պաշտոնում կհաստատի: Դրա համար էլ ջանասիրաբար ուզում էր, որ մանկավարժականը շուտափույթ հիմնադրամ դառնա, որ ազատ շունչ քաշի և գլուխը պրծացնի այս շահավետ, բայց վտանգավոր գործարքից: Վարչապետը լավ էլ պատկերացնում է իրավիճակը…