Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2016թ. հունվարի 13-ին հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց: Այդ օրն ընդգրկված լինելով գումարտակի ներքին վերակարգում որպես օրապահ ՝ Գ. Պետրոսյանը հրաժարվել է վերակարգն ընդունելուց եւ օրապահի կողապահարանի մոտ ծառայություն իրականացնելուց:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Գ. Պետրոսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության տված էպիկրիզը, համաձայն որի վերջինս պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ,պիտանի է զինվորական ծառայության սահմանափակումով՝ պատերազմի ժամանակ: Դատարանում Գ. Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել,ասել է, որ այդ ժամանակ ինքը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում,ի վիճակի չի եղել վերակարգն ընդունել:
Նա ասել է , որ բանակ զորակոչվել է նյարդային խնդիրներով, ինքը չի պատկերացնում, թե «վերակարգ ընդունել» հասկացողությունն ինչ է նշանակում,քանի որ 2014թ. հուլիսի 7-ին զորակոչվել է բանակ, 3 ամիս հետո կալանավորվել է, 40 օր մնացել է ռազմական ոստիկանությունում, որտեղ ըստ կարգի ծառայություն չի իրականացրել; Նա դատարանում ցուցմունք է տվել, որ ինքը զորամասում օրապահ տեսել է, սակայն նրա պարտականություններն իրեն հայտնի չեն, ինքը հոգեպես չի կարող 2 ժամ կանգնել օրապահի պահարանի մոտ:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2016թ. հունիսի 21-ին դատարանը որոշել է Գ. Պետրոսյանի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն: ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ՝ Գ. Պետրոսյանի մոտ հայտնաբերվել է «Անձի օրգանական խանգարում» ախտորոշմամբ փսիխոթերապիա: Հանձնաժողովը նաեւ մեղսունակ է ճանաչել Գ. Պետրոսյանին: Սեպտեմբերի 15-ին դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Գ. Պետրոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, փորձաշրջան նշանակելով 1 տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ