Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ոք պաշտոնանկ չարվեց». ռուսաստանցի լրագրողը` Պուտինի ընկերոջ «օֆշորային պատմության» մասին

Սեպտեմբեր 23,2016 17:56

«Թվապատում 2016» համաժողովի շրջանակում Երեւանում է նաեւ «Կոռուպցիայի եւ կազմակերպված  հանցավորության կենտրոնի» հետաքննող լրագրող Դմիտրի Վելիկովսկին, ով այսօր Մատենադարանում իր գործընկերների համար ներկայացրեց «Պանամական փաստաթղթերի» ուսումնասիրման պատմությունը: Նա նշեց, որ ռուսաստանյան մի խումբ լրագրողներ, հետազոտելով «պանամական արխիվը», հրապարակել են Ռուսաստանի մի շարք հայտնի պաշտոնյաների անուններ, որոնք գրանցված են օֆշորային   գոտիներում:

«Ավելի քան հարյուր լրագրողներ ուսումնասիրել են պանամական փաստաթղթերը, որոնց թիվը մոտ 12 միլիոն է: Նման ծավալով փաստաթղթերի արտահոսք պատմության մեջ չէր եղել: Արտասահմանցի գործընկերներս այդ ցուցակներում ձգտում էին գտնել գոնե մեկ-երկու անուն, որոնք առնչվում են իրենց երկրին, բայց հյութեղ պատմություն գտնելը հեշտ չէր: Ռուսաստանից այդ  ցուցակում կային մեկ քաղաքապետ, մեկ այլ քաղաքապետի կինը, Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը, սակայն ամենավառ օրինակը երաժիշտ, խմբավար Սերգեյ Ռոլդուգինն է»,-ասաց Դմիտրի Վելիկովսկին:

Նա հայտնեց, որ Ռոլդուգինը Պուտինի ընկերն է, վերջինիս դստեր կնքահայրը: Նա մի առիթով հարցազրույցներից մեկում ասել է, որ միլիոնատեր չէ. «Սակայն պարզվեց, որ նա ոչ թե միլիոնատեր է, այլ միլիարդատեր: Նրա անվան հետ երկու օֆշոր է կապված, որոնցից մեկը` 2 միլիարդանոց: Մի կողմից, դրանք հսկայական գումարներ են, մյուս կողմից` վաստակվել են տարօրինակ ճանապարհով` օֆշորի միջոցով, օրինակ` երկու օրում` 14 միլիոն դոլար: Իմ գործընկերներին էլ դժվար էր հավատալ, որ նա միլիարդների է տիրապետում»:

Վելիկովսկին ընդգծեց, որ չնայած լրագրողական հետաքննությանը` ոչ մի պաշտոնյա իր պաշտոնից չզրկվեց. «Շատ ամբիոններից, այդ թվում` Պեսկովի կողմից ասվեց, որ պանամական փաստաթղթերը պատվեր են, մինչդեռ կոռուպցիան ուռուցք է, որը պետք է հեռացնել մարմնից»:

Դասախոսության վերջում Վելիկովսկին նաեւ ասաց, որ տեղյակ է «պանամական փաստաթղթերի» հայաստանյան սկանդալից: «Աղմկոտ պատմություն է»,-նկատեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930