Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մոսկվայում առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին, ովքեր թիմային հաշվարկով գրավել են պատվավոր 2-րդ հորիզոնականն ու արժանացել համապատասխան գավաթի և դիպլոմի։ Ընդ որում, անհատական արդյունքներով երևանցի աշակերտները նվաճել են 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:
Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանն ու երևանյան թիմի ղեկավար-մարզիչները:
Ողջունելով աշակերտներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նրանց օլիմպիադայում լավագույնս ներկայանալու և ձեռք բերած հաջողությունների համար: Քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև ուսուցիչների աշխատանքը՝ նկատելով, որ երեխաների տպավորիչ ձեռքբերումները, ըստ էության, նրանց ներդրած ջանքերի գործնական արդյունքն են:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ աշակերտները խոստացել են, որ կշարունակեն անել հնարավորը՝ Երևանի պատիվը միշտ բարձր պահելու համար:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին նվաճված գավաթն ու համապատասխան սերտիֆիկատը փոխանցվել է Երևանի քաղաքապետին: Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ այն տեղ կգտնի Երևանի քաղաքապետարանի համապատասխան թանգարանում:
Հարկ է նշել, որ առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 22 քաղաքների 14-18 տարեկան աշակերտներ: Օլիմպիադայի նպատակն է ի հայտ բերել մեծ քաղաքների դպրոցականների տաղանդավոր աշակերտներին, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա և քիմիա առարկաներով։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն