Սեպտեմբերի 23-ին Երվանդ Քոչարի թանգարան էին այցելել դպրոցահասակ երեխաներ՝ ծանոթանալու մեծ նկարիչ, քանդակագործ Քոչարի կյանքին, ստեղծագործությանը։ Թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալուց հետո դպրոցականներն ունկնդրեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլի՝ Օտրի Տրիոյի համերգը։
Տրիոյի անդամները՝ ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանը, ջութակահար Անժելա Հովհաննիսյանը և ալտահար Արևիկ Կոսյանը, նախ ներկայացրին անսամբլի ստեղծման պատմությունը, պատմեցին իրենց երաժշտական գործիքների մասին, խոսեցին Կոմիտասի կենսագրության, նրա երաժշտական ժառանգության, հայկական մշակույթի մեջ Կոմիտասի դերի մասին, պատասխանեցին երեխաների հարցերին։ Օտրի Տրիոն կատարեց Կոմիտասի ստեղծագործություններից, հնչեցին նաև Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի գործերից։
Տրիոյի երաժիշտները նշեցին, որ նման ինտերակտիվ երաժշտական դաս-համերգները շատ արդյունավետ են, մեծ գիտելիքներ են փոխանցում երեխաներին, նրանց մեջ սերմանում սեր երաժշտության նկատմամբ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին