Այս տարվա հունվարից պաշտոնապես սկսել է գործել Հայաստանի աերոբիկայի եւ ֆիթնեսի ասոցիացիան: Անցած ինն ամիսներին կազմակերպությունն ի՞նչ է հասցրել անել եւ առաջիկայի ի՞նչ ծրագրեր ունի:
«Առավոտի» հետ զրույցում ասոցիացիայի նախագահ Մարիամ Վարդանյանն ասաց, որ այս ընթացքում առաջինը կազմակերպել են խմբակային, անհատական, պարային ֆիթնես մարզիչների դասընթացներ եւ այս երեք ուղղություններով արդեն համապատասխան որակավորում ունեցող մարզիչներ ունեն: Հիմա մարզիչների երկրորդ խմբի որակավորման դասընթացներն են ընթանում, ինչպես նաեւ ներմուծում է նոր ուղղություն, այսպես կոչված՝ Պիլատեսի ուղղությունը, որը կոչվել է ողնաշարի կեցվածքի ձեւավորման, խորանիստ մկանների ամրացման նպատակով ստեղծված համալիր վարժություններ մշակած Ժոզեֆ Պիլատեսի անունով: Մարիամ Վարդանյանի խոսքով՝ իրենց մոտ վերապատրաստում անցնելու են գալիս նաեւ մարզիչներ Իրանից: «Հուլիսին սեմինար ենք անցկացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ սպայական անձնակազմի հետ: Շտաբում նոր, շատ լավ վարժասարքեր են տեղադրել: Մենք սովորեցրինք, թե որ դեպքում դրանցից ինչպես է հարկավոր օգտվել: Մեր սեմինարները հատկապես օգտակար եղան կանանց համար: Մոտ օրերս կրկին մեկնելու ենք Արցախ եւ Ստեփանակերտում բացելու ենք մեր առաջին մասնաճյուղը, որը հագեցած է լինելու միջազգային չափանիշներին համապատասխանող ամենավերջին սարքավորումներով»,- ասաց Մարիամ Վարդանյանը:
– Փաստորեն, ձեր գործունեությունն սկսել եք Երեւանից, գնացել Արցախ: Իսկ դեպի Հայաստանի մարզեր առաջխաղացում կա՞:
– Այդ ուղղությամբ այս ամբողջ ընթացքում աշխատել ենք: Չեմ կարծում, թե այս տարի Հայաստանի մարզերում էլ կհասցնենք մասնաճյուղեր հիմնել: Լավագույն դեպքում կարող է լինել մեկը: Բայց աշխատանքները շարունակվում են, եւ ոչ հեռու ապագայում անպայման մարզերում եւ հանրապետության մյուս քաղաքներում մեր ներկայացուցչությունները կունենանք:
– Դուք մարզիչներ եք պատրաստում: Երկու հարց. մարզիչ պատրաստելու համար դուք ինքներդ պետք է համապատասխան որակավորում եւ իրավունք ունենաք: Եվ երկրորդ՝ ձեր պատրաստած կադրերը հետո գիտելիքները կարողանո՞ւմ են կյանքում իրականացնել:
– Որակավորում ստացել ենք արտասահմանում ու հիմա էլ պարբերաբար մեկնում ենք կարգի բարձրացման դասընթացների: Մենք Հայաստանում վերապատրաստմանն անհամեմատ ավելի շատ ժամանակ ու կարեւորություն ենք տալիս, որպեսզի հիմքն ամուր լինի: Ոչ մի մարզիչ, որը չի հաղթահարում տեսական եւ գործնական որակավորման չափորոշիչները, սերտիֆիկատ չի ստանում: Ինչ վերաբերում է մարզիչների հետագա ճակատագրին, աջակցում ենք նրանց աշխատանքի տեղավորվելու հարցում: Ֆիթնես ակումբները, մարզաառողջարարական համալիրները, որոնց մարզիչ մասնագետներ են հարկավոր, դիմում են մեզ, եւ մենք այդ մարզիչներին ուղարկում ենք այնտեղ՝ գործատուի եւ կադրերի միջեւ կապող օղակի դեր կատարելով:
– Ֆիթնեսը մեզանում նորաձեւ է դարձել: Ամենուրեք ակումբներ ու խմբեր են բացվում: Ասոցիացիան դրանց վրա վերահսկողություն իրականացնելու, աշխատանքները համակարգելու լիազորություն ունի՞, որպեսզի ոչ բանիմաց մարդիկ խմբեր չհավաքեն ու մարզեն:
– Դա մեր գերակա խնդիրներից է: Միայն Երեւանում գործում են մեծ ու փոքր 30-ից ավելի ակումբներ, որոնցից ընդամենը 4-5-ն են անդամագրվել ասոցիացիային, գումարած՝ երկու մարզաառողջարարական կազմակերպություններ: Վերահսկելու համար պետք է, որպեսզի բոլորն ասոցիացիայի անդամ դառնան, կամ էլ սկզբի համար ստեղծվի այնպիսի դաշտ, որ ակումբներում ֆիթնես մարզիչ աշխատելու իրավունք ունենան միայն ասոցիացիայից երաշխավորություն ունեցող մասնագետները: Ֆիթնեսն իր տարբեր դրսեւորումներով արագորեն տարածվում է: Բայց մարզվել ցանկացողներից շատերը ֆիթնեսի լրջության մասին պատշաճ պատկերացում չունեն: Մարդիկ ցանկանում են առողջ լինել, ունենալ գեղեցիկ մարմին ու դրա համար ժամանակ են տրամադրում, գումար վճարում, որոնք մեծամասամբ փոքր թվեր չեն: Բայց եթե մարզիչը չունի համապատասխան կրթություն եւ գիտելիքներ, չի բացառվում, որ մարզումները հակառակ ազդեցություն գործեն, վճարված գումարներն էլ անտեղի կորչեն:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.09.2016թ.