«Առաքելություն» կուսակցությունը, կարևորելով Հարկային օրենսգրքի ընդունումը, արձանագրում է, որ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս փաստաթուղթը ընդամենը հարկային համակարգի օրենքների միավորում է, այնինչ այն պետք է դառնա տնտեսության զարգացման հիմնական գրավականներից մեկը, տնտեսվարողների համար վստահության ձևավորման հիմքը:
Սակայն, հերթական անգամ գործ ունենք ձևական մի փաստաթղթի հետ, որը դեռ մի բան էլ խորացնելու է տնտեսությունում առկա անվստահության մթնոլորտը:
«Առաքելություն» կուսակցությունը համոզված է, որ հարկային համակարգում անհրաժեշտ են հեղափոխական քայլերի իրականացում, որոնք պետք է առաջին հերթին իրենց ամրագրումը ստանան օրենսդրական տեսքով, որից հետո, իհարկե, քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր լինի կիրառել օրենքի պահանջները:
Կուսակցությունը գտնում է, որ Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգիրքն ունի լուրջ փոփոխությունների կարիք, մասնավորապես`
Կարդացեք նաև
1. Հարկերի և վճարների քանակը հասնում է 20-ի, ինչը ներդրումային միջավայրի զարգացման գլխավոր խոչընդոտներից է: Առաջարկում է կրճատել հարկատեսակները, մասնավորապես վերացնել ճանապարհային հարկը, բնապահպանական հարկը ներառել բնօգտագործման վճարի մեջ, սոցիալական վճարը` եկամտահարկի մեջ, արտոնագրային վճարի փոխարեն կիրառել շրջանառության հարկ` տարբերակված դրույքաչափերով:
2. Հարկային գործընթացի, վճարների ներդրումը, փոփոխությունը իրականացնել բացառապես Հարկային օրենսգրքով` Կառավարությանը չտալով նման իրավասություններ:
3. Առանց դատարանի որոշման արգելել հարկային մարմիններին արգելանք դնել հարկատուների բանկային հաշիվներին, ինչը ոչ միայն սեփականության իրավունքի ոտնահարում է, այլև նպաստում է ստվերային տնտեսությանը, երբ տնտեսվարողները հաշիվը շրջանցելու նպատակով գործարքներն իրականացնում են կանխիկ:
4. Վերացնել հարկային կանխավճարների համակարգը` հարկերը գանձել բացառապես ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկման բազայի ձևավորումից հետո:
5. Ստացված շահույթը բիզնեսում ներդնելու դեպքում այդ մասով շահութահարկը սահմանել 10 տոկոս` նպաստելով ներդրումների աճին:
6. Արտահանման համար շահութահարկի արտոնության շեմը 40 մլրդ դրամից նվազեցնել մինչև 10 մլրդ դրամ` հնարավորություն տալով ավելի մեծ թվով ընկերությունների ակտիվացնել արտահանումը:
7. Հանքաարդյունաբերության ոլորտում կիրառվող ռոյալթիի չափը կապել միջազգային գների հետ, որն էլ ներառել շահութահարկի մեջ` ոլորտի համար սահմանելով շահութահարկի տարբերակված դրույքաչափ արդյունքում դադարեցնելով բնօգտագործման վճարի կիրառումը:
8. Վերացնել սահմանի վրա ավելացված արժեքի գանձումը:
9. Վերացնել ավելացված արժեքի հարկի վճարման մասով խոշոր ընկերությունների հետաձգման արտոնություն տալը, ինչը ավելի է խորացնում ոլորտների կենտրոնացումը` շուկայից դուրս մղելով փոքր և միջին ձեռնարկություններին:
10. Նվազեցնել սպիրտային խմիչքների, վառելիքի ակցիզային հարկը, դրա փոխարեն բարձրացնել ծխախոտի ակցիզային հարկը` հաշվի առնելով ծխախոտի` մարդկանց առողջության վնաս հասցնելու փաստը:
11. Շրջանառության հարկի հարկման շեմը նվազեցնել մինչև 50 մլն դրամ` չխոչընդոտելով առանց այն էլ խորացող խնդիրներով հագեցած ոլորտի հնարավոր զարգացումը:
12. Դադարեցնել սոցիալական վճարի կիրառումը, սահմանել եկամտային հարկի միասնական դրույք` 29 տոկոս: Ընդ որում քաղաքացիների կողմից անկանխիկ ծախսերի դեպքում նվազեցնել եկամտային հարկը մինչև 20 տոկոս: Նշվածը հնարավորություն կտա էապես կրճատել տնտեսության ստվերային հատվածը:
Հարկային համակարգի, ինչպես նաև տնտեսության նկատմամբ վստահության վերականգնման նպատակով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի օրենսգրքի ուժի մեջ մտնելուց 10 տարվա ընթացքում արգելվում է կատարել այնպիսի լրացումներ և փոփոխություններ, որոնց կնախատեսեն նոր հարկատեսակների ներդրում, հարկերի դրույքաչափերի բարձրացում, հարկային բազայի փոփուխություն ի վնաս հարկատուի, հարկատուների նոր խմբի ավելացում և հարկատուի և պետության հարկային հարաբերությունները ի վնաս հարկատուի փոփոխություններ:
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
23.09.2016թ.