Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենալուրջ խնդիրը դեմոգրաֆիան է»

Սեպտեմբեր 23,2016 16:30

Խոշորացված հեռավոր համայնքի առանձնահատկությունները

Սեպտեմբերի 18-ին կայացան Սյունիք-Մեղրի նորաստեղծ համայնքի ընտրությունները, եւ ընտրվեց միակ թեկնածուն՝ Մխիթար Զաքարյանը: Իմիջիայլոց, նա ի սկզբանե կողմ էր արտահայտվում համայնքների խոշորացմանը եւ կարծում է, որ ի տարբերություն այլ մարզերի՝ Մեղրիի տարածաշրջանի համար այդ փոփոխությունը նպատակահարմար է ու արդյունավետ կառավարման հնարավորություն է ստեղծում: Նրա ձեւակերպմամբ՝  տեղական ինքնակառավարման նախկին համակարգը վաղուց սպառել էր իրեն:

«Առավոտը» Զաքարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այլ թեկնածու չկար, եւ միայն ինքն էր առաջադրվել: Մեր զրուցակիցը նախ պատասխանեց, որ ճիշտ չի լինի՝ ինքը  գնահատական տա, ապա հավելեց, թե շատ կուզենար, որ այլ թեկնածու էլ լիներ. «Այդպես ավելի հեշտ  կլիներ քարոզարշավն անցկացնելը, որովհետեւ ամեն ինչ համեմատության մեջ կլիներ: Որպես Մեղրու բնակիչ՝ շատ կուզենայի, որ կադրային բազան հարուստ լիներ, ու եթե լավ գաղափարներ  ունենար մյուս թեկնածուն, ապա դրանք եւս կներառվեին տարածաշրջանի զարգացման  ծրագրում: Ուրիշ թեկնածու  չի ցանկացել մտնել ծանր բեռի տակ՝ Ագարակի  համայնքի օրինակը աչքի առաջ ունենալով եւ խնդրի բարդությունը հաշվի առնելով»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրներ կան տարածաշրջանում, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, ինչ մարտահրավերներ են ծառացած համայնքի առաջ: «Խնդիրները բազմաթիվ են ու բազմազան, բայց ես լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ անլուծելի խնդիրներ, ըստ էության, չեն լինում: Ամենալուրջ խնդիրը, որ բնորոշ է ոչ միայն մեր տարածաշրջանին, այլեւ ողջ  Հայաստանին, դա դեմոգրաֆիան է՝ բնական աճի առումով: Նաեւ Մեղրիում կարող է բերքի իրացման խնդիր լինել ապագայում՝ կապված ոռոգվող այգիների ավելացման եւ հայկական շուկայի ծավալի կրճատման հետ: Բայց այնպիսի հարց, որ շատ սուր դրված լինի, չկա»,- ասաց համայնքի ղեկավարը:

Նրանից տեղեկացանք, որ Մեղրիում արտագաղթն այն չափերով չէ, ինչ մյուս համայնքներում: «Նույնիսկ ներգաղթ ունենք, իսկ կոնկրետ Ագարակում լավ  մասնագետների կարիք կա՝  կապված Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքների, Իրան-Հայաստան կոմունիկացիաների հետ: Բայց որ մասսայական գնան ու չվերադառնան՝ նման բան չկա: Իհարկե, երիտասարդները միշտ էլ ձգտելով լավ կյանքի՝ բոլոր համայնքներից էլ ցանկանում են տեղափոխվել մայրաքաղաք»,- հավելեց Մխիթար Զաքարյանը: Նա հայտնեց, որ զբաղվում են երիտասարդների ժամանցի հարցը լուծելու  եւ մշակութային օջախների վերականգնման ուղղությամբ:

Քանի որ ապրիլյան պատերազմի օրերին Զաքարյանը եւս, շատերի նման, սահման էր պահում, այդ մասին էլ նրանից հետաքրքրվեցինք: Համայնքի ղեկավարը չցանկացավ այդ մասին խոսել. «Սպա կա, որ 20 տարի սահմանային դիրքերում ծառայում է, զինվորները 2 տարի ծառայել են, իրենց մասին ոչ մի խոսակցություն, բայց մի գյուղապետ կամ քաղաքապետ մի շաբաթով գնում է, դարձնում են հայրենիքի հերոս… Անհարմար է, չարժե էդ թեմայով խոսել»:

Քանի որ բոլոր համայնքներում ֆինանսական սղության պատճառաբանությամբ համարյա վերացել է մանկապարտեզային ցանցը, Մխիթար Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վիճակը իրենց տարածաշրջանում: «Համայնքապետի պարտադիր լիազորությունների մեջ է մտնում նախադպրոցական կրթությունը, ինչն առաջնահերթ է: Մենք  պետք է  տարածաշրջանի գյուղական բոլոր համայնքներում, որտեղ կա մանկապարտեզահասակ երեխա, իրականացնենք նախադպրոցական կրթություն, այլապես տեղական ինքնակառավարման իմաստը չեմ հասկանում: Հենց խոշորացման կարեւորություններից մեկն էլ դա է, թե չէ՝ եթե գյուղում նախադպրոցական կրթություն, կոմունալ ծառայություն կամ մաքրում չեն իրականացնում, այդ դեպքում ո՞րն է գյուղապետարանի իմաստը: Ինչ վերաբերում է գրադարանային ծառայությանը, այն եւս անպայման կմատուցվի, բայց ծանրաբեռնված հաստիքներ, օրինակ՝ գլխավոր գրադարանավար, գրադարանավարի տեղակալ եւ այլն, չենք ունենա»,- հավաստիացրեց  Սյունիք-Մեղրի նորաստեղծ համայնքի ղեկավարը:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.09.2016թ.

Լուսանկարը՝ «Սյունյաց երկիրի»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930