Լրահոս
Օրվա լրահոսը

«Միհրան Պողոսյանը, ինչպես պլանավորել են, կդառնա ԱԺ պատգամավոր». Էդիկ Բաղդասարյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2016 15:35

Այսօր Մատենադարանում կազմակերպված «Թվապատում 2016»-ի համաժողովի ժամանակ «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ներկայացրեց «Պանամայի փաստաթղթերի» հայկական հետքը» զեկույցը` արտասահմանից հրավիրված լրագրողներին եւ փորձագետներին պատմելով հայ լրագրողների կատարած աշխատանքի մասին:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերի արտահոսքի հետևանքով բացահայտվեցին օֆշորային ընկերությունների ավելի քան 11․5 միլիոն փաստաթղթեր, որոնք ներառում են մոտ 12 երկրի ղեկավարների, տասնյակ միլիարդատերերի, մտավորականների եւ գիտնականների անուններ: ԴԱՀԿ ծառայության նախկին պետ  Միհրան Պողոսյանը հայտնվեց օֆշորային սկանդալի կենտրոնում:

«Մենք էլ հարցումներ ուղարկեցինք մեր հերոսին` Միհրան Պողոսյանին: Մտածում էի` Միհրան Պողոսյանը գուցե կհասկանա, որ այդ ցուցակում է, բայց կարծես թե չէր հասկացել: Մի կերպ համոզեցինք, որ պատասխանի, ու պատասխանեց…Բազայում փնտրելով` հասանք ամենակազմակերպված կլանին` Հարությունյանների կլանին: Հարությունյանները Միհրան Պողոսյանի քեռիներն են` Գրիշա Հարությունյան, Միքայել Հարությունյան, կարմիր գծերի սեփականատեր, երկաթի արտահանում, մանկական կեր, գարեջուր…հսկայական ցանց է այդ կլանի ձեռքին: Գրիշա Հարությունյանի վերջին պաշտոնը` ԱԱԾ պետի տեղակալ` ֆինանսների գծով, Սերժ Սարգսյանի մոտ ընկերն էր այդ ժամանակ, կարծում եմ` հիմա էլ: Նրանք կարողանում էին տարբեր ոլորտներում հանգիստ մտնել եւ բիզնես անել, հիմնականում ստվերում էին մտնում: Եթե նկատել եք` աղմկահարույց պատմություններում չկային, եւ օֆշորում գտանք  մեր հայտնի գեներալին` Միհրան Պողոսյանին»,- ասաց Էդիկ Բաղդասարյանը:

Նա հույս հայտնեց, որ ինչ-որ ժամանակ անց կիմանանք, թե ինչ է եղել իրականում. «Ո՞նց հանեցին, ո՞նց ստիպեցին Միհրան Պողոսյանին հրաժարականի դիմում գրել: Առաջին ռեակցիան` ասաց, որ դա Արեւմուտքի պատվերն է, բայց անհասկանալի է, թե ինչու պետք է Արեւմուտքը Միհրան Պողոսյանով հետաքրքրվեր: Արդյունքում ուրիշ բան եղավ: Որոշվեց, որ նա դիմումի մեջ պետք է գրի, որ իր անունը կապված է Ալիեւի անվան հետ: Այսինքն, չի ուզենա նույն ցուցակում նրա հետ լինել, այդ պատճառով հրաժարական է տալիս: Սրանից անհեթեթ բան…նույն ցուցակում շատ այլ պաշտոնյաներ կային: Այս պատմությունն իրականում դեռ չի ավարտվել: Որոշ ժամանակ անց օֆշորային ընկերություններից Միհրան Պողոսյանի անունը դուրս է եկել: Կարծում եմ` քրեական գործ չի հարուցվելու, հիմա նյութեր են հավաքվում` ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար` այդպիսի մի անհեթեթ հոդված կա: Հետո կիմանանք, որ գործը  կարճվել է, եւ Միհրան Պողոսյանը, ինչպես պլանավորել են, կդառնա ԱԺ պատգամավոր: Որքան գիտեմ` արդեն նման պլանավորում կա, եթե Հայաստանում ամեն ինչ գնա այնպես, ինչպես իրենք են ուզում»:

Էդիկ Բաղդասարյանին առավելապես հետաքրքրել են ռուսաստանաբնակ հայերի տվյալները. «Հայկական օլիգարխիան ռուսական օլիգարխիայի հետ լավ կապեր ունի եւ համատեղ բիզնեսներ: Սակայն այդ մասին չենք գրում, քանի դեռ հիմնավոր փաստեր չունենք: Հիմա կարծես թե նման փաստեր հայտնվել են մեր ձեռքի տակ: Շատ հայեր երկքաղաքացի են, չենք հասկանում` նրանք ՀՀ քաղաքացի լինելո՞վ են պանամական օֆշորում, թե ՌԴ քաղաքացի լինելով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930