Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանն իրերը դեռ չի հավաքում (տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2016 16:24

Երեկ մամուլում տեղ գտած հրապարակումներից հետո, թե Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այլեւս չի ղեկավարելու ոլորտը եւ ստանձնելու է բնապահպանության նախարարի պաշտոնը, այսօր Արծվիկ Մինասյանը հանդես եկավ ասուլիսով, որն, ըստ էության, պատասխան էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի դիտողություններին, որոնք նորանշանակ վարչապետը հնչեցրել էր  կառավարության երկու նիստերում` ոլորտի  առնչությամբ: Պարոն Մինասյանը նաեւ համամիտ չէր գերատեսչության անվանափոխմանը եւ էկոնոմիկա բառն այլ անունով փոխարինելուն:

Արծվիկ Մինասյանը, ամփոփելով իր պաշտոնաված 7 ամիսները, ներկայացրեց, թե ներդրումների հետ կապված ինչպիսի խոչընդոտներ են վերացրել, քաղավիացիայի ոլորտում ինչ բարեփոխումներ են արել` Հայաստանի բաց երկինք բերելով տասը արտասահմանյան եւ երկու տեղական ընկերություններ, սոցփաթեթի հանգստի մեկնելու բաղադրիչի մասով էլ, որն ամիսներ առաջ կոռուպցիոն բացահայտումների տեղիք էր տվել, նոր լուծումներ են գտել:

Պատասխանելով հարցին, թե կա՞ լարվածություն իր եւ Կարեն Կարապետյանի միջեւ եւ այդ պատճառով էլ վարչապետը չի ցանկանում Արծվիկ Մինասյանի հետ աշխատել, պարոն Մինասյանն ասաց, որ նման լարվածություն չկա եւ ինքը շատ ուրախ է, որ Կարեն Կարապետյանը նոր մոտեցումներ ունի տնտեսության հարցում եւ որ կառավարության նիստերն անցնում են քննարկումների մթնոլորտում:

Մանրամասները`տեսանյութում.

Արծվիկ Մինասյանն ասաց, որ ինքն այդ ամենում չի տեսնում անձին ուղղված վիրավորանք եւ վստահ է, որ առաջիկայում էլ չի լինի. «Եթե արդյունավետ քննարկում է գնում, տեսակետների ներկայացում ու բախում է լինում, դրանից միայն շահում է կայացվող որոշումը, հասարակությունը, բոլորս»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ իր իրերը դեռ չի հավաքել, եւ լրագրողները կարող են մտնել նրա աշխատասենյակ` համոզվելու համար, որ նախարարի պաշտոնակատարը շարունակում է կատարել իր պարտականությունները.
«Հրաժարական տալու խնդիր չկա, ներկայումս մենք զբաղեցնում ենք այս պաշտոնները որպես պաշտոնակատարներ, եւ ըստ սահմանադրության, օրենքի, կառավարության կազմավորումը տեղի է ունենում հանրապետության նախագահի հրամանով` վարչապետի առաջարկությամբ, որից հետո կհամարվի` նախարարը նշանակված է, թե` ոչ, այս պահին ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար եմ, շարունակելու եմ աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել նոր հրամանագիր»:

Հարցին, թե հնարավո՞ր է դաշնակցական երկու նախարարներն էլ հրաժարական տան եւ ՀՅԴ-ն դուրս գա կոալիցիայից, քանի որ Էկոնոմիկայի ոլորտը վերցրին դաշնակցության ձեռքից, պարոն Մինասյանն ասաց. «Չկա նման բան, հավատացնում եմ ձեզ, անձնական սիմպատիաներ, անտիպատիաներ չկան: Հարաբերությունները կառուցվում են զուտ աշխատանքային, զուտ նպատակային եւ զուտ, ըստ էության»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930