Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը՝ ԿԸՀ ուղարկված զավեշտալի դիմումների եւ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների մասին

Սեպտեմբեր 23,2016 15:06

 

Այսօր հրավիրած ասուլիսում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփեց սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները եւ անդրադարձավ հոկտեմբերի 2-ի ընտրություններին:

Նա լրագրողներին ներկայացրեց, թե սեպտեմբերի 18-ի ընտրությունների հետ կապված ինչ զավեշտալի դեպքերի հետ կապված են դիմումներ գրել ԿԸՀ-ին: Դիմումներից մեկի համաձայն, դիտորդը բողոքել է, որ 100 ընտրող ունեցող տեղամասում, երբ արդեն 55 ընտրող մասնակցած է եղել եւ որեւէ շարժ չի նկատվել, հանձնաժողովի անդամները որոշել են ճաշել՝ մեկ անդամի թողնելով տեղամասի մուտքի մոտ, մյուսին՝ ներսում: Կամ բողոք է եղել, որ խախտումներ են եղել՝ ուրիշի փոխարեն են քվեարկել: Տիգրան Մուկուչյանի խոսքերով՝ «Ուսումնասիրելով գրառումները՝ հիմնականում դրանք վերաբերում են հայր եւ որդի, տատ եւ թոռին: Մեկը ստորագրել է մյուսի անվան դիմաց: Այս պարագայում խոսել այլ անձի փոխարեն քվեարկության մասին՝ ծայրահեղություն է: Կամ 14/01 տեղամասում՝ Աշտարակից բողոք կա, թե ժամը 14.30-ին հանձնաժողովի նախագահը փոխարինել է հանձնաժողովի անդամին, ռոտացիան ժամը 16-ին պետք է լիներ: Սրա վերաբերյալ ներկայացնել դիմում՝ ուղղակիորեն անհասկանալի է: Մեկն էլ դիմումում նշել է՝ ընտրացուցակում եղել է Ղազարյան Անահիտ, անձնագրում՝ Ղազարյան Աննա, նրան ուղարկել են անձնագրային: Սրա հետ կապված դիմումն անհասկանալի է, ուրիշ ի՞նչ պետք է անեին հանձնաժողովում»:

Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 6 մարզերում եւ Արմավիրի մարզի 2 համայնքում: Գյումրիում քվեարկությանը կմասնակցի 10 կուսակցություն եւ 1 դաշինք: Ինքնաբացարկի դիմում Գյումրիում եւ Վանաձորում ընտրությունների վերաբերյալ չի ներկայացվել:

Հարցին՝ նախ Էջմիածնում տեղի ունեցած դեպքը, հետո Գյումրիի դեպքը, ըստ էության, մթնոլորտ են փոխել, այդ մթնոլորտի փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա ընտրությունների արդյունքների վրա, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ցանկացած մթնոլորտ կարող է որոշակիորեն ազդել այս կամ այն երեւույթի վրա: Բնականաբար, այս պարագայում էլ ոմանց կարծիքով կարող է ազդել, ոմանց կարծիքով՝ կարող է չազդել: Տարբեր գնահատականներ կան»:

Ինչպես հայտնի է, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու ցավալի մահվան հետ կապված  թեկնածուները դադարեցրեցին քարոզարշավը: ԿԸՀ նախագահն ասաց, որ Գյումրիում հավանաբար եկող շաբաթ՝ ընտրություններին նախորդող վերջին շաբաթը,  թեկնածուները քարոզարշավը կվերսկսեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930