Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Էջմիածնի՝ ծեծի ենթարկված թեկնածուն չի բողոքել. Տիգրան Մուկուչյանը կշտամբեց նրան

Սեպտեմբեր 23,2016 14:57

Այսօր հրավիրած ասուլիսում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփեց սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները եւ անդրադարձավ հոկտեմբերի 2-ի ընտրություններին:

Ըստ այդմ, սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի 571 թեկնածու, 19-ը հետ է վերցրել փաստաթղթերը, 4-ի դիմումը մերժվել է՝ գրավը չվճարելու հիմքով, ինքնաբացարկ է հայտնել 140 թեկնածու:

Համայնքի ղեկավարի թեկնածուներից 144-ը եղել է անկուսակցական, 218-ն ինքնառաջադրվել է: Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ 20 համայնքներում գործող համայնքի ղեկավարը չի առաջադրվել, չի ընտրվել 30 համայնքներում: Այսինքն, 10 համայնքում գործող գյուղապետը պարտվել է: Նա ասաց, որ 8 դիմում է ԿԸՀ-ն ստացել 11 տեղամասերում վերահաշվարկ կատարելու մասին: Բոլոր տեղամասերում վերահաշվարկ է իրականացվել: Արձանագրվել է չնչին տարբերություն՝ 1 ձայն ավելացել է, մեկ ձայն՝ նվազել, որի արդյունքում պատկերի որեւէ փոփոխություն չի եղել:

Տիգրան Մուկուչյանը վստահեցրեց՝ ընտրություններն անցել են ազատ եւ արդար՝ Ընտրական օրենսգրքին համապատասխան:

Լրագրողները հետաքրքրվեցին Էջմիածնի դեպքերից՝ այն պարագայում, երբ թեկնածուներից մեկը հիվանդանոցում է, ինչո՞ւ չդադարեցվեցին ընտրությունները: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ընտրական հանձնաժողովները, թե ԿԸՀ-ն կարող են իրականացնել բացառապես այնպիսի գործողություններ, որոնք նախատեված են ԸՕ-ով: Առկա չէ որեւէ իրավադրույթ, որը հնարավորություն կտար այս կամ այն հիմքով կասեցնել ընտրությունների ընթացքը, տեղափոխել եւ այլն: Իրավական հիմք չեղարկելու ընտրությունները՝ գոյություն չուներ»:

Նա ասաց, որ դեպքի հետ կապված ինքը դատապարտում է ցանկացած բռնություն՝ անկախ նրանից, թե ով է դա իրականացնում եւ ինչ պատճառներով. «Իրավապահ մարմիններն աշխատում են, կտրվի քրեաիրավական գնահատական»:

Տիգրան Մուկուչյանը տողատակին հասկացրեց, որ մի կողմից թեկնածուին ծեծում են, մյուս կողմից՝ նրա վստահված անձինք գնում, մասնակցում են ընտրություններին, որեւէ բողոք չեն ներկայացնում՝ այդպիսով օրինականացնում գործընթացը. «Քվեարկության օրը ունեցել ենք տեղամասային հանձնաժողովներ, որտեղ ներկայացել են երկու թեկնածուների վստահված անձինք: Վերջիններիս կողմից որեւէ դիմում, որեւէ բողոք չի ներկայացվել: Որեւէ մեկը չի դժգոհել, որ ինչ-ինչ  հանգամանքներով պայմանավորված՝ խախտվել է, խոչընդոտվել է նրանց իրավունքը, որը հնարավոր կլիներ ընտրության արդյունքները ամփոփելու փուլում դարձնել քննության առարկա»:

Դիտարկմանը, որ թեկնածուն հիվանդանոցում էր, դա արդեն հիմք չէ՞, որ նա ի վիճակի էլ չի դիմում գրելու, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ի վիճակի չլինելը հիմք չէ. «Ընտրության արդյունքի գնահատման հետ կապված, անձը  գտնվում է հիվանդանոցում, տրվել են տարբեր գնահատականներ: Սկզբում հնչեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, հետո հնչեց, որ մասնակցելու են: Քվեարկությունը  տեղի է ունեցել, վստահված անձինք մի շարք տեղամասերում ներկա են եղել: Դիմում-բողոքների բացակայությունը ցույց է տալիս, որ որեւէ նկատառում նրանց կողմից չի եղել»:

Լրագրողները փոխանցեցին ծեծի ենթարկված թեկնածուի շտաբից հնչող հայտարարությունը, որ բողոքարկելու են ընտրությունների արդյունքները, մոտ 10 հազար լցոնում է եղել: Տիգրան Մուկուչյանն ասաց՝ կարող էին ավելի մեծ թիվ նշել, խնդիրը դրանում չէ, բայց չկա որեւէ դիմում-ահազանգ. «Կարող էին ներկայացնել վերահաշվարկի դիմում, չեն օգտվել այդ իրավունքից: Կարող էին ներկայացնել ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու դիմում՝ չի արվել, մնացածը դատողություն է»:

ԿԸՀ նախագահն ասաց, որ ուշացել են՝ բողոքարկելու, անվավեր ճանաչելու ժամկետներն ավարտվել են արդեն, իրենք որեւէ դիմում չեն ստացել:

Մեր հարցին՝ Դուք Էջմիածնում կայացած ընտրություններն է՞լ եք անվանում ազատ, արդար եւ թափանցիկ, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Իսկ փաստական հիմքերը, որոնք առկա են իմ մոտ…  հակառակը պնդելու առումով պետք է լինի փաստական հիմք: Եթե չկան այդ հիմքերը, ինչի՞ հիման վրա են արվելու այդ դատողությունները»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930