Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր` սեպտեմբերի 23-ին մեկնարկեց «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» «Թվապատում 2016» միջոցառումների շարքը: Համաժողովի ընթացքում հայ եւ օտարերկրացի լրագրողներն ու փորձագետները ներկայացնում են թվային միջավայրում ստեղծվող մասնագիտական պատմություններ, ինչպես նաեւ` լրագրության ոլորտում մեդիայի նոր գործիքների ներդրման միջոցների մասին:
«Ինչ-որ առումով մենք մուլտիմեդիոն լրագրության առաջնորդներն ենք եղել, քանի որ փորձել ենք դասավանդել, ծրագրեր զարգացնել եւ շարունակում ենք դա անել: Այս համաժողովը կօգնի հասկանալ, թե ինչպես կարելի է այլ միջոցներով պատմել այն պատմությունը, որը երեկ պատմվել է ավանդական ձեւով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
Նա փաստեց, որ հայկական մեդիան օգտագործում է մուլտիմեդիայի միջոցները, բայց երկար ճանապարհ պետք է անցնի, որպեսզի տիրապետի համաշխարհային լրագրության ժամանակակից գործիքներին. «Օրինակ` Data journalism-ը կամ ինֆոգրաֆիկան: Միջոցները շատ-շատ են: Դրանց մի մասը համաժողովի ընթացքում կներկայացվի: Սա անվերջ գործընթաց է, քանի որ ամեն օր աշխարհում մի նոր ժանրի գործիք է հայտնվում»:
Հավելենք, որ «Թվապատում 2016»-ում հիմնական քննարկումները կծավալվեն հետևյալ թեմաների շուրջ` հետաքննական լրագրություն, հակամարտությունների լուսաբանում, մեդիայի նոր գործիքներ ու միտումներ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ