Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ աշուղներին ամեն անգամ նորովի ես ճանաչում»

Սեպտեմբեր 23,2016 14:31

«Սայաթ-Նովա», «Հայ աշուղներ» մշակութային միությունների եւ Հայաստանում միակ Հայ աշուղագիտական կենտրոնի ջանքերով աշուղական արվեստակիր Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ 2004թ. Երեւանում կայացած Հայ աշուղների առաջին համագումարում որոշվեց ստեղծել  աշուղական նոտաներով երգարանների մատենաշար՝ «Գանձարան հայ աշուղական երգերի» խորագրով:

Արդեն հրատարակվել են մատենաշարի  4 գրքերը՝ «Սայաթ-Նովա», «Սայաթ-Նովան աշուղների խաղերի մեջ», «Սազայի. «Անիրավ աշխարհ» եւ օրերս էլ՝ «Ջիվանի. «Հոգսերով լի»:

«Առավոտը» հրատարակված գրքերի եւ ընդհանրապես աշուղական արվեստի շուրջ զրույցի հրավիրեց աշուղագետ, կոմպոզիտոր, «Հայ աշուղներ» միության փոխնախագահ Էլինար Շահենին: Նրա ձեւակերպմամբ՝ հայ գուսանները եւ նրանց ավանդույթների ժառանգորդ աշուղները միշտ կանգնած են եղել սեփական ազգի կողքին՝ ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի օրերին, վեր են հանել բարդ ու առկա բոլոր խնդիրները. «Այսօր էլ  ստեղծագործում են աշուղներ, որոնց երգերը եռագույն դրոշին հավասարազոր փողփողում են հայոց երկնակամարում, դրանցից են «Արծիվ սլացիր», «Հայեր միացեք», «Հայ քաջեր» եւ այլն: Ինչո՞ւ չանմահացնել այդ երգերը եւ հեղինակներին»:

Մատենաշարի հրատարակված 4 գրքերի առիթով մեր զրուցակիցն ասաց. «Հիմքը դրվեց 2012թ.՝ «Սայաթ-Նովա» նոտաներով երգարանով՝ նվիրված աշուղի ծննդյան 300-ամյա հոբելյանին: Այն շուտ սպառվեց եւ նորից հրատարակվեց: Իսկ սայաթնովյան նման երգարան կազմվել էր կես դար առաջ: Երկրորդ գիրքը՝ «Սայաթ-Նովան աշուղների խաղերի մեջ», ներկայացնում է հին ու նոր, դասական եւ ոչ դասական աշուղների երգերը՝ նվիրված մեծանուն աշուղին: «Գանձարանի» 3-րդ գրքում՝ «Անիրավ աշխարհ»,  տեղ գտավ ժամանակին մեծ համբավ ունեցող, աշուղ Ջիվանու նորամուտը դեպի այս արվեստը սատարող, մտերիմ ու գրչակից ընկեր աշուղ Սազային՝ Աղաջան Փարոյանը: 4-րդ գրքում էլ Ջիվանու երգերն են»,- հայտնեց աշուղագետը:

ashugh-jivani Դիտարկմանը՝ տասնամյակներ շարունակ հայտնի են եղել Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, Շահենի, Աշոտի ու էլի մեկ-երկու աշուղների անուններ: Մեզ անծանոթ է, եւ հավանաբար շատերի համար էլ անհայտ անուն է աշուղ Սազային, Էլինար Շահենը պատասխանեց. «Համամիտ  եմ: Այսօր չեք գտնի միջին եւ անգամ հասուն տարիքի ժողովրդական, աշուղական երգի գոնե մեկ սիրահարի, որը կարող է պատկերացում ունենալ այս աշուղի մասին: Սազայուն շատ լավ գիտեն իր հայրենակիցները՝ բայազետցիները: Նրա մտքերը, խոսքերի շարադրման եղանակը շփոթության մեջ են գցում, երբ հաճախ համեմատում են Ջիվանու հետ: Նրանք այնքան մոտ են… իրենց արվեստով: Սազայու գրչին են պատկանում հանրահայտ «Ամրահ եւ Սալվի», «Գառնիկ եւ Աստղիկ», «Արտաշես եւ Սաթենիկ» սիրավեպերը, «Մարդ էլ կա, մարդ էլ», «Սոխակ արեւելից մինչեւ արեւմուտ» երգերը: Ի դեպ, Սազայու  մեկ տասնյակի հասնող երգեր փրկվել են աշուղ  Շահենի շնորհիվ»:

Ռեպլիկին՝ նման աշուղին պետք  է դուրս բերել մոռացությունից, աշուղագետը նշեց, թե Սազային միակը չէ, հետո էլ պատասխանեց. «Շատերի անունները չեն պահպանվել իրենց ստեղծած երգերի տողատակերում կամ միտումնավոր, երբեմն էլ՝ ոչ, հանվել են: Իսկ այդ աշուղներից եթե յուրաքանչյուրն անգամ 50 երգ գրած լիներ, պատկերացնո՞ւմ եք՝ որքան երգ է մնում ժողովրդի շուրթերին, դարերով փոխանցվում, տեղափոխվում գավառից գավառ, վերալեզվավորվում համապատասխան բարբառով եւ ի վերջո կրում ժողովրդական երգ անվանումը, եւ կրկին գալիս ենք վերահաստատելու այն միտքը, որ «Գանձարանը»  անչափ կարեւոր, անհրաժեշտ մատենաշար է»:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ այս բնագավառում բազմաթիվ կորուստներ ենք ունեցել, հետո էլ մանրամասնեց. «Օրինակ՝ Թուրքիայում ապրել եւ ստեղծագործել են բազմաթիվ հայ աշուղներ, որոնց երգերը գրված են եղել թուրքերենով: Այսօր էլ այդ երկրում նրանց երգերը երգվում են ու մատուցվում որպես իրենց սեփականություն: Նույն բանը տեղի է ունենում Ադրբեջանում: Մի բան փաստ է՝ արեւելքում չկա մի ազգ, որ ունենա եւ հպարտանա այնպիսի աշուղով, ինչպիսին մեր Սայաթ-Նովան է:  Իսկ մենք պարտավոր ենք պահել, պահպանել ու փրկել մեր արժեքները եւ նրանց ստեղծած գանձերը»:

Անդրադառնալով «Գանձարանի» 4-րդ գրքին՝ Էլինար Շահենն ասաց. «Հայ ազգային աշուղական դպրոցի հիմնադիր Ջիվանու մասին իսկապես շատ է գրվել եւ խոսվել, նրա մասին կարծես ամեն ինչ ասված է, երգերը երգված են, բայց այս երգարանի նպատակն է երգիչներին ու երաժիշտներին տալ Ջիվանու երգերի խմբագրված տարբերակները, որոնք  վերջին 20 տարիների ընթացքում կատարվել են Թովմաս Պողոսյանի ղեկավարած  Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի կողմից: Ի վերջո, հայ աշուղներին որքան էլ ընթերցես, միեւնույն է՝ ամեն անգամ նորովի ես ճանաչում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.09.2016

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930