38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։
2016թ. սեպտեմբերի 19-ին շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Ակնալիճ-Զարթոնք ավտոճանապարհին հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված վայրում հայտնաբերել կնոջ դի՝ բռնության հետքերով, իսկ դիակից մոտ 80 մետր հեռավորության վրա գտնվող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի մեջ մի տղամարդու, ով հայտարարել է, որ տուժածն իր կինն է, և ինքն է սպանել նրան։
Նախնական քննության տվյալներով՝ ամուսինները Երևանի բնակիչներ են, ովքեր դեպքի օրը հյուր էին գնացել Արարատի մարզ։ Վերադարձի ճանապարհին նրանց միջև սկսվել է վիճաբանություն՝ ամուսնական անհավատարմության հարցի շուրջ, որի ընթացքում ամուսինը բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ՝ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապա սեղմելով պարանոցը՝ շնչահեղձ արել։
Կարդացեք նաև
Մահվան վկայականի համաձայն՝ կինը մահացել է մեխանիկական շնչահեղձության հետեւանքով։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա ամուսնուն սեպտեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և հարցաքննվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին