Ամերիկան երկու կառավարություն ունի՝ «հանրապետական» եւ «դեմոկրատ», որոնք երկվորյակների պես զարմանալի կերպով իրարից չեն տարբերվում իրենց քաղաքական հայացքներով: Երկու համանիշ բառեր, մեկը մյուսի տեղ գործածվող, որոնք 32 միլիոն դոլար ծախսելով՝ իրար դեմ ընտրական պայքար են մղում ամեն չորս տարին մի անգամ, ու չգիտես՝ ինչի՞ համար:
Երեւակայեցեք մի արագիլ, որ չորս տարի մի ոտքի վրա կանգնելուց հոգնած, ոտքը փոխում եւ չորս տարի էլ մյուս ոտքի վրա է կանգնում:
Մի փոփոխություն, սակայն, որ մինչ արագիլի վրա ոչինչ չի ազդում, Ամերիկայի վրա 32 միլիոն դոլար է նստում:
Կարդացեք նաև
Ինչքա՜ն շահած պիտի լիներ Ամերիկան, եթե նա էլ որոշ պետությունների նման իր նախագահը ընտրեր եւ ամեն չորս տարին նույնը կրկներ:
Ինչպես ճաշարանի հաճախորդը հավնած կերակուրին «ռեպետէ» է կանչում:
Չէ, ես այն կարծիքին եմ, որ աղքատ երկրին հանրապետական ռեժիմ չի սազի: Աղքատ երկիրը պետք է թագավոր ունենա, անգամ կայսր, որ ամեն 4 տարին մեկը չփոխի:
Ամերիկյան ընտրական պայքարը շատ կողմերով նման է մարդ ու կնոջ կռիվներին: Երկուսն էլ կռվում են ցերեկով, մինչեւ մութն ընկնելը, մինչեւ գիշերային գրկախառնումները: Միայն այն տարբերությամբ, որ ամուսնական կռիվները երբեմն լուրջ հետեւանքներ են ունենում, օրինակի համար՝ հաճախ մարդը թողնում է իր կնոջը ու ամուսնանում է ուրիշ կնոջ հետ, բայց ամերիկյան զույգ կուսակցությունների հակամարտությունները վերջանում են հաշտությամբ, եւ չի պատահել դեպք, երբ կուսակցություններից մեկը Ամերիկան թողնի ու գնա ամուսնանա, ասենք՝ Անգլիայի կամ Ֆրանսիայի հետ:
Բարոյական տեսակետից էլ զույգերը տարբերվում են: Նախագահության ամերիկյան թեկնածուն արշավում է երկրով մեկ եւ գովաբանելով ինքզինքը՝ առաջարկում է ընտրել իրեն:
Եթե այս ձեւով կանայք էլ ման գային որեւէ երկրում եւ տղամարդկանց առաջարկեին իրենց կնության առնել՝ երեւակայո՞ւմ եք բարոյական ինչ կերպարանք կստանար հիշյալ երկիրը:
Բայց չնայած այս մասնակի տարբերության, հիմնականում ամուսինների եւ նախագահների վարքը իրար նման են:
Պատահում է, սակայն, որ տարօրինակ բաներ են լինում նախագահական ընտրություններում:
Իսպանիայի նախագահ Ֆրանկոն, օրինակ, ընտրվում է առանց ժողովրդի մասնակցության: Ինքն իրան: Եվ այս քանի տարի է՜…
Այս բնական է ու բանական: Եթե մի նախագահ չի խունացել, չի մաշվել, չի ծակվել՝ ինչո՞ւ փոխել: Ու միաժամանակ, ես հավատում եմ, որ Ֆրանկոն ծակվի էլ, Իսպանիան նրան կկարկատի ու կհագնի:
Նա աղքատ երկիր է, չորս տարին մեկ չի կարող 32 միլիոն դոլար ծախսել մի նախագահի վրա:
Լեռ Կամսար
1964թ.
«Առավոտ» օրաթերթ
22. 09 .2016թ.