Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

82-ամյա Նահապետ Կիրակոսյանը՝ նախագահին. «Դուրս բերեք ինձ այս ահավոր վիճակից»

Սեպտեմբեր 23,2016 11:59

 

82 տարեկան Նահապետ Կիրակոսյանը, որը ողջ կյանքն աշխատել ու հարկեր է վճարել, ապահով ու բարեկեցիկ ծերություն ապրելու փոխարեն՝ գտնվում է անելանելի իրավիճակում: «Առավոտին» ուղղված նամակում Նահապետ Կիրակոսյանը, որը մասնագիտությամբ ինժեներ-շինարար է եւ կառուցապատել է Հոկտեմբերյանի եւ Բաղրամյանի տարածաշրջանի կարեւոր օբյեկտները, նկարագրել է այն խնդիրները, որոնց մեջ հայտնվել է օր ծերության եւ ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել: Պետությունն էլ, ինչպես որ պարտավորվում է երկրի բարձրագույն փաստաթղթում` Սահմանադրությունում, տեր չի կանգնում իր քաղաքացուն:

Նահապետ Կիրակոսյանի խոսքերով. «1998 թ.-ին կազմակերպել եմ «Թոռնիկ Իսահակ» ՍՊԸ-ն, քարի արտադրություն, որի ընթացքում վճարել եմ 34 միլիոն դրամ տարբեր հարկային պարտավորություններ։ Սակայն 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետեւանքով արտադրանքի վատ իրացման պատճառով ընկա անհուսալի վատ վիճակում, եւ որպեսզի լուծեի ընկերության առաջ ծագած ֆինանսական խնդիրները, դիմեցի «ՖԻՆՔԱ» վարկային կազմակերպությանը եւ մեզ համար բարձր տոկոսով ու կարճ ժամկետով ստացա (տարիքի պատճառով վարկը ձեւակերպվեց իմ տղա՝ Արթուր Նահապետի Կիրակոսյանի անունով) վարկ, որի համար գրավ դրվեց Արմավիր քաղաքի Սահմանապահների 22 առանձնատունը` 50 միլիոն դրամ արժողությամբ: Ստացա 6 միլիոն դրամ վարկ եւ վճարեցի տարբեր հարկային վճարումներ, որ չարգելափակվեր աշխատանքային գործունեությունը, 31.03.2009թ.-ին գործունեությունը արգելափակվեց, իսկ «ՖԻՆՔԱ» վարկային կազմակերպության հաշվին վճարեցի 4 միլիոն դրամ: 04.05.09 դրությամբ վարկի պարտքը մնաց 2 միլիոն դրամ, որի պատճառով դատարանի վճռով 50 միլիոն արժողությամբ Արմավիրի քաղաք Սահմանապահների 22 առանձնատունը առգրավվեց, եւ մեզ 6 անձով դուրս շպրտեցին փողոց, որի պատճառով թոռնուհիս՝ Ջեմմա Արթուրի Կիրակոսյանը, Բժշկական համալսարանից հեռացվեց 3-րդ կուրսի վարձավճարը չմուծելու պատճառով։ 6 անձ մնացել ենք թափառական` անտուն, անտեղ։

Ես՝ Նահապետ Կիրակոսյանս, 82 տարեկան եմ, թոշակս՝ 52 հազար, որը ոչնչի չի բավականացնում: Տղաս՝ Արթուր Կիրակոսյանը, դիաբետիկ հիվանդ է, երկու ոտքերին վերք լինելու պատճառով չի կարողանում աշխատել։ Հարսս՝    Նաիրա Հովսեփյանը, նույնպես չի աշխատում` աշխատանք չլինելու պատճառով։ Մյուս թոռնիկս՝ Իսահակ Կիրակոսյանը, ժամկետային ծառայության մեջ է Արցախի պաշտպանության բանակում։ Թոռնիկս՝ Նահապետ Կիրակոսյանը, սովորում է 11-րդ դասարանում, ապագա զինակոչիկ է։

Հարգելի Սերժ Սարգսյան, խնդրում եմ հարգել խնդրանքս ինձ այս ահավոր վիճակից դուրս բերելու համար։ Քանի որ ստացած գումարը վճարել եմ հարկեր։ «Թոռնիկ Իսահակ» կազմակերպությունը դատարանի կողմից ճանաչվեց սնանկ։ Չենք ուզում 6 անձով, որոնց թվում է նաեւ ապագա զինվոր,  բռնել արտագաղթի ճամփան։ Խնդիրը չլուծվելու դեպքում դա անխուսափելի է: Անշարժ գույքի գործակալություններում տունս հանված է վաճառքի: Ես ամբողջ կյանքս աշխատել եմ, կառուցապատել եմ եւ արտադրել եմ շինանյութեր, ժամանակի իրավիճակից ելնելով՝ հայտնվել եմ այս անհուսալի վիճակում, ինչ անեմ, որ մինչեւ հիմա կենդանի եմ եւ տառապում եմ՝ իրավիճակից ելնելով»։

Բանն այն է, որ Նահապետ Կիրակոսյանի տունը, որը գնահատվել է 50 միլիոն դրամ, անշարժ գույքի բորսայում արդեն իջել` հասել է վեց միլիոնի, եւ եթե այս գումարով տունը վաճառվի, ընտանիքը կմնա դրսում, մինչդեռ եթե այդ վեց միլիոնը կարողանային հայթայթել, ապա Ն. Կիրակոսյանը տունը կվերադարձնի եւ շուկայական արժեքով գոնե կվաճառի ու պարտքերը կմարի:

Նահապետ Կիրակոսյանը դիմել է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսին, Մարդու իրավունքների պաշտպանին` ակնկալելով նրանց միջամտությունը, որպեսզի կառավարության պատասխանատուներն ընդունեն ու նրա խնդիրը լսեն:

Ն. Կիրակոսյանը նշում է, որ դիմել է նախագահի աշխատակազմ, կառավարություն, սակայն բոլոր դիմումները մերժվել են` առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության, անգամ հաշվի չի առնվել, որ պետական մարմիններին, որոնց մեծ մասի պարտավորությունը ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելն է, դիմել է պատկառելի տարիքում գտնվող քաղաքացի:

«Հանրապետության նախագահն իր ելույթներում ասում է, որ ոչ մի զինծառայող անօթեւան չպիտի մնա, ոչ մի երիտասարդ ուսման վարձի պատճառով ուսումը չպիտի թողնի, սակայն նամակում նշված է, որ թոռնուհիս արդեն երրորդ տարին է՝ ուսման վարձի համար Հերացու անվան Բժշկական համալսարանից դուրս է մնացել, բայց ոչ ոք այս մասին չի ուզում անգամ լսել»,- ասում է Նահապետ Կիրակոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930