Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետական համակարգում ստեղծվում է ավիատոմսերի ձեռքբերման մենաշնորհային մի իրավիճակ». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 23,2016 11:48

Վարչապետ Կարեն Կարապետյանը, շարունակելով իր ուշագրավ հայտարարությունների ու դիտողությունների շարքը՝ երեկ կառավարության նիստում այն լրացրել է մեկ այլ հայտարարությամբ, որը վերաբերում է պետական կառավարման համակարգում գործուղումների համար գնվող ավիատոմսերի գներին։

«Վերացրեք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերեք։ Ինձ որ պատմում են, թե ինչ սխեմաներ են անում՝ ուղղակի ֆանտազիա է… Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն այլ տեղերում, հաստատ ավելի արդյունավետ կլինի»,- դիմելով նախարարներին ու այլ գերատեսչությունների ղեկավարներին՝ հայտարարել է վարչապետը։

Երեկ կառավարության նիստում հաստատվեց մի որոշում, որտեղ պետական միջոցներով ավիատոմսեր գնելու նոր կարգ է սահմանվում։ Եվ դրա համաձայն՝ ավիատոմսերը պետք է ձեռք բերվեն govtravel.am կայքի միջոցով։ Մենք արդեն գրել ենք, որ տարիներ առաջ կառավարությունը ստեղծել էր «Էկենգ» անունով մի ընկերություն, որը զբաղվում էր նույնականացման քարտերով։ 2014թ. կառավարության ու վարչապետի փոփոխությունից հետո որոշվում է, որ այս ընկերությունը պետք է կենտրոնացնի նաեւ պետական համակարգում ավիատոմսերի գնումը։ Դեռեւս գարնանից այս ընկերությունն այդ ծրագիրը պիլոտային կարգով փորձարկել է հինգ՝ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների, արդարադատության, էներգետիկայի եւ բնական պաշարների, ֆինանսների նախարարություններում ու կառավարության աշխատակազմում։ Երեկվա որոշումից հետո արդեն բոլոր նախարարություններն իրենց գործուղումների համար անհրաժեշտ ավիատոմսերը պետք է ձեռք բերեն «Էկենգի» ստեղծած govtravel.am համակարգի միջոցով։

«Էկենգի» տնօրենը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ընկերն է, «Դատաիրավական ԾԻԳ»-ի նախկին տնօրեն Արթուր Թունյանը։ Վերջինս զուգահեռաբար կառավարությունում Դավիթ Հարությունյանի խորհրդականն է, հասարակական հիմունքներով։ Այս դեպքում էլ պետական համակարգում ստեղծվում է ավիատոմսերի ձեռքբերման մենաշնորհային մի իրավիճակ, որը հակասում է ազատ մրցակցության տրամաբանությանը:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930