Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին, հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 17-ի հրամանագրերի համաձայն՝ իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար մի շարք դատավորներ պարգեւատրվել են «Մխիթար Գոշ»-ի մեդալով։
Պարգեւի են արժանացել մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը։
Թե օրինականության ամրապնդման գործում ի՞նչ քայլեր են արել դատավորները, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց նրանցից։ Առավել եւս, որ դատական համակարգի եւ արդարադատության հանդեպ տարեցտարի անվստահությունն էլ ավելի է խորացել հանրության շրջանում:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյան
Կարդացեք նաև
– Պարոն Դրմեյան, մտավախություն չունե՞ք, որ նախագահականից ստացված պարգեւը կկաշկանդի Ձեզ արդար որոշումներ կայացնելիս։
– Պարգեւը որեւէ կապ չունի հետագա գործունեության հետ։ Երբ որ պարգեւը տրվում է, իրավունքի, արդարադատության եւ այլնի համար է տրվում։ Ի՞նչը պիտի կաշկանդի… Վճռաբեկ դատարանում անձը միանձնյա չի գործում։ Մենք տասը դատավորով ենք որոշում կայացնում։
– Այդ դեպքում ինչո՞ւ հենց Ձե՛զ պարգեւատրեցրն։
– Վճռաբեկ դատարանում արդեն կան մեծ թվով անձինք, ովքեր ստացել են այդ պարգեւը տարիների ընթացքում։ Երկու պալատներից էլ ունենք պարգեւներ ստացած դատավորներ։ Թե ինչու որոշեցին տալ, չեմ կարող ասել:
-Ըստ Ձեզ՝ Ձեր ո՞ր արժանիքի համար պարգեւատրեցին: Դուք ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը:
-Ես ուղղակի ինձ լավ զգացի: Եվ գտնում եմ, որ այդ պարգեւը ոչ թե իմն է, այլ ողջ դատական համակարգինը: Ու քանի որ ես լենինականցի եմ, «լոպազանամ»՝ ինձ թվում է դատական համակարգն ավելի շատ բանի է արժանի: Այստեղ հզոր քայլեր են արվում: Ուղղակի շատ վատ է լուսաբանվում հանրության մեջ:
-Ասացիք ավելի շատ բանի: Դուք ե՞ւս կարծում եք , որ դատավորների աշխատավարձերը պետք է բարձրացվեն:
-Ամերիկայի Վճռաբեկ դատարանի նախագահը սիմվոլիկ մեկ դոլար ավելի է ստանում երկրի նախագահից: Մեր տնտեսական վիճակից ելնելով՝ ես ինքս չեմ ակնկալում դա: Բայց ցանկալի է: Դա նաեւ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար է: Պատահում է, որ առաջին ատյանի դատարանում դատավորը գործ է ունենում միլիոնավոր դոլարների հետ: Եվ նա պետք է ասի՝ հերն էլ անիծած, ես այնքան ապահովված եմ, որ իմ վճիռն արդար է լինելու:
Զրուցեց Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: