Ամեն տարի սեպտեմբերի 15-ին «Ակոսի» խմբագրապետ եւ հասարակական գործիչ , 2007-ի հունվարի 19-ին թուրք ազգայնականների կողմից սպանված Հրանտ Դինքի ծննդյան օրը, անցկացվում է «Հրանտ Դինք» միջազգային մրցանակաբաշխությունը: Այս տարի մահմեդական «Քուրբան Բայրամի» տոների հետ համընկնելու պատճառով այն տեղափոխվել էր սեպտեմբերի 22-ին:
«Հրանտ Դինք» մրցանակաբաշխությունն արդեն անցկացվում է 8-րդ անգամ:
2016-ի մրցանակակիրներին ընտրող ժյուրիի կազմում 2015-ի մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպան Սամար Բադավին էր, աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը, Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, եւ ուրիշներ: Ամեն անգամ մրցանակը հանձնվում է մեկ մարդու եւ մեկ կազմակերպության, որոնք Թուրքիայի ներսում եւ երկրի սահմաններից դուրս պայքարում են ընդդեմ ռասսիզմի, խտրականության, սեփական գաղափարների համար պատրաստ են ռիսկի դիմել, իսկ որ ամենակարեւորն է՝ խոսում են խաղաղության լեզվով:
Այսպիսով, 2016-ի «Հրանտ Դինք» միջազգային մրցանակաբաշխության հաղթողներն են՝ հանուն երեխաների իրավունքների եւ մանկական ամուսնությունների դեմ պայքարող Թերեզա Կաչինդամոտոն՝ Մալավիից (Արեւելյան Աֆրիկա), ինչպես նաեւ Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ստամբուլ