Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հնարավորություններ՝ ջրային ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման համար

Սեպտեմբեր 23,2016 10:48

Սույն թվականի սեպտեմբերի 19-20 ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը մասնակցել է  ԵՄ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԵՄ Արևելյան գործընկերության երկրների միջազգային գետավազանների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերը:

Հանդիպման շրջանակներում մեկնարկել է  «ԵՄ ջրային նախաձեռնություն +» քառամյա տարածաշրջանային ծրագիրը, որի շնորհիվ երկրներում հնարավոր  է բարելավել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը:

Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է իրականացնել ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավում, ջրավազանային կառավարման պլանների մշակում, աջակցություն առկա կառավարման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացմանը: Մասնավորապես՝ շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի և հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնների վերազինում, ստորերկրյա և մակերևութային ջրերի որակական և քանակական մոնիթորինգի լաբորատոր ենթակառուցվածքների արդիականացում, աջակցություն Շրջակա միջավայրի վրա ներգործության կենտրոնի լաբորատորիայի միջազգային հավատարմագրմանը, էկոլոգիական հոսքի հաշվարկի օպտիմալ մեթոդի  մշակում և այլն:

Խ. Հակոբյանը ներկայացրել է 2012-16թթ. ԵՄ «Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն»  ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված ջրային ոլորտի կառավարման բարեփոխումները՝ մասնավորեցնելով Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի  մշակման գործընթացը, Արարատյան դաշտի 3 ձկնաբուծարանների հորերում տեղադրված ավտոմատ կառավարման  SCADA համակարգերի տեղադրումը, ինչպես նաև ոլորտի իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Տարածաշրջանային ծրագրի ամփոփման արդյունքներով Հայաստանն առաջընթաց է արձանագրել և կարող է օրինակելի փորձ դառնալ տարածաշրջանի երկրների համար, քանի որ ի տարբերություն գործընկեր երկրների, Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ մշակել  և կառավարության կողմից հաստատել է երկրում առկա 6 ջրավազանային  տարածքներից 2-ի կառավարման պլանները, իսկ երրորդը՝ Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանը   նախատեսվում է հաստատել մինչև տարեվերջ:

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930