Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԳԻՆԸ

Սեպտեմբեր 23,2016 10:38

Փայլակը այդ օրը պիտի գնար բանկի մոտիկ մասնաճյուղ՝ հերթական ամսվա կոմունալ վարձերը մուծելու: Տարվա սկզբից իր թոշակը փոստային առաքիչը արդեն տուն չէր բերում, իսկ փոստային բաժանմունքն էլ բավականին հեռու էր իրենց շենքից ու հերթեր էին լինում և ինքն էլ որոշեց, որ հաշիվ բացի՝ մոտակա բանկի մասնաճյուղում և թոշակը այնտեղից ստանա ու կոմունալ ծախսերն էլ այնտեղ կմուծի:

Գործառույթը իրականացնելու համար Փայլակին սկզբում իրենց վարչական շրջանի թոշակառուների համապատասխան բաժին ուղարկեցին, որտեղից փաստաթուղթ տվեցին, հետո այդ փաստաթուղթը ներկայացրեց բանկային մասնաճյուղ, հետո այնտեղից էլ ուրիշ փաստաթուղթ տվեցին, որը տարավ թոշակի բաժին… հետո, էլ չի հիշում ինչեր արեց, մի խոսքով նրա համար բանկային հաշիվ բացեցին, պլաստիկե քարտ տվեցին, որ ցանկացած ժամանակ կարողանա կանխիկացնել իր թոշակի գումարը:

Հաջորդ ամսին, երբ նա ներկայացավ բանկի մասնաճյուղ, մոտեցավ դրամարկղին, ներկայացրեց անձնագիրը և պլաստիկե քարտը: Բանկի գանձապահուհին ձևակերպումներ արեց, տվեց համապատասխան գումարը, բայց կարծես նեղսրտած ասաց.

-Ինչու՞ բանկոմատից չես կանխիկացնում գումարդ:

-Դժվարանում եմ, հիշողությունս դավաճանում է, դրա համար հրահանգ (ինստրուկցիա) ունե՞ք տպած, տվեք, կարդամ, որ գործողությունները անգիր անեմ:

-Չէ այդպիսի հրահանգ տպած չունենք, բայց մեր աշխատակցուհին ձեզ կտանի, բանավոր ցույց կտա բանկոմատից օգտվելու կանոնները,-ասաց գանձապահուհին և կանչեց այն աշխատակցուհուն, որը Փայլակին ուղեկցեց բանկի շենքի դրսի պատին ամրացված բանկոմատի մոտ, ցույց տվեց թե ինչպես պետք է համապատասխան անցքից քարտը ներկայացնել այդ մեքենային, հետո խնդրեց, որ նա ստեղնաշարից մուտքագրի իրեն հատկացված ծածկագիրը, եթե անգիր հիշում է (զգուշացնելով, որ այն կողմնակի անձիք չպետք է իմանան), որից հետո հարցրեց, թե որքա՞ն գումար է ցանկանում կանխիկացնել, մուտքագրեց այն, ապա սեղմեց մուտքի կոճակը և մեքենան իր մի անցքից հրամցրեց պահանջված գումարը, իսկ մյուսից էլ՝ վճարման անդորրագիրը:

Փայլակին այն ժամանակ թվաց, որ դա հեշտ գործարք է և հաջորդ անգամ ինքը փորձեց այդ բոլորը ինքնուրույն կատարել, բայց ոչինչ չստացվեց: Նա ստիպված տուն վերադարձավ, անձնագիրը վերցրեց և նորից բանկ գնաց, անձնագիրը տվեց գանձապահուհուն, ասաց հարկավոր գումարի չափը, ստացավ անհրաժեշտ գումարը, մի փոքր հերթ կանգնեց, միա այլ պատուհանում կատարեց կոմունալ մուծումներն ու տուն վերադարձավ:

Նա ամեն ամիս անձնագիրը ներկայացնում էր բանկի գանձապահուհուն, պահանջված դրամը կանխիկացնում էր, բայց զգում էր, թե գանձապահուհին ինչ դժկամությամբ է ձևակերպում իր հասանելիք գումարի կանխիկացումը, որ կարծես ասելիս լիներ.

«Բանկոմատից ինչու՞ չես օգտվում, երկու անգամ արդեն քեզ հրահանգավորել ենք»:

«Դժվարանում եմ, մեծ մարդ եմ, հիշողությունս տեղը չի, բանկոմատի կոճակների սեղմելու հերթականությունը չեմ հիշում, մոռանում եմ, ճիշտ է, երկու անգամ ձեր աշխատակցուհիները եկել օգնել-բացատրել են, բայց երբ ամիսը անցնում է արդեն մոռանում եմ գործողությունների հերթականությունը»,-մտքում արդարանում էր Փայլակը ու տուն վերադառնում:

Հերթական ամսվա հարկավոր գումարը կանխիկացնելու համար, Փայլակը վճռականորեն տրամադրված գնաց բանկ, մոտեցավ դրսի պատի մեջ խրված բանկոմատ-մեքենային, լուսադիոդներով թարթող ազդանշանի անցքում փորձեց տեղադրել պլաստիկե քարտը, բայց այն ոչ մի կերպ չէր ուզում ներս խցկվել:

«Ախր, լավ հիշում եմ, աշխատակցուհին ասաց, որ այս նշանը պետք է դեպի բանկոմատը ուղղված լինի»,-հիշում էր Փայլակը, բայց տեսնելով, որ բան չի ստացվում փորձեց չորս տարբերակներից ևս մեկը: Նորից չստացվեց: Երրորդ տարբերակի դեպքում մեքենան դանդաղորեն իրեն ձգեց պլաստիկե քարտը, կուլ տվեց և սպասեց հաջորդ հրահանգին: Փայլակը ուրախացավ հաջողությունից, կարդաց լուսատախտակին հայտնված հաղորդագրությունը, որը պահանջում էր մուտքագրել ծածկագիրը: Անմիջապես այն մուտքագրեց համապատասխան թվային ստեղների միջոցով: Դրանից հետո պետք է մուտքագրեր կանխիկացվող գումարի չափը: Ցուցատախտակին հայտնված գումարների չափից ընտրեց իրեն հարկավորը (ավելի հեշտ էր, քան ստեղնաշարից մուտքագրելը) և սեղմեց մուտքագրման կոճակը: Հիմա էլ մեքենան հարցրեց, թե կտրոն պե՞տք է: Բայց ինչպես հասկացնի այս ռոբոտին, որ հա՛, պետք է: Ուշադիր նայելով ցուցատախտակին, Փայլակը նկատեց, որ այնտեղ, մի կոճակի դիմաց գրված է «Այո» բառը և իսկույն սեղմեց այդ կոճակը: Ամեն ինչ բարեհաջող ընթացք ունեցավ, Փայլակը ստացավ և՛ կտրոնը և՛ պահանջված գումարը՝ մեքենայի համապատասխան անցքերից: Նա ոգևորված մտավ բանկի սրահ, հերթի կտրոն վերցրեց ավտոմատ սարքից (դա էլ էր սովորել), սպասեց այնքան, մինչև լուսատախտակին երևաց իր հերթի համարը, մոտեցավ համապատասխան պատուհանին, մուծեց կոմունալ ծախսերը և թեթևացած շունչ քաշելով դուրս եկավ բանկից:

«Քանի որ հիմա արդեն հիշում եմ բանկոմատից օգտվելու գործընթացը, փորձեմ էլի գումար հանել այնտեղից»,-մտքում որոշեց Փայլակը և նորից մոտեցավ բանկոմատ-մեքենային: Այս անգամ գործընթացը արագ տեղի ունեցավ և Փայլակը կանխիկացնելով ևս մի որոշակի գումար՝ տուն վերադարձավ:

Բայց, քանի որ չէր հիշում, թե քանի անգամ և ինչ չափի գումար է բանկից վերցրել անձնագիր ներկայացնելով ու ինչքան մնացորդային գումար մնացել, Փայլակը որոշեց վաղը կրկին գնալ և բանկոմատից կանխիկացնել ամբողջ գումարը:

Հաջորդ օրը, երբ նա մոտեցավ բանկոմատին և փորձեց քարտը նրան հրամցնել, մեքենան ոչ մի կերպ չուզեց քարտը կուլ տալ: Տեսնելով, որ մի տիկին է սպասում բանկոմատից օգտվելու համար, որոշեց տեղը ժամանակավոր զիջել նրան, ասելով.

-Տիկին, եկեք Դուք ստացեք Ձեր գումարը, ես հետո կփորձեմ:

Բայց երիտասարդ տիկինը նրա ձեռքից առանց հարցնելու վերցրեց պլաստիկե քարտը, դրեց մեքենայի համապատասխան անցքում և մեքենան սիրով այն կուլ տվեց ու սպասեց Փայլակի հրահանգներին: Երևի Փայլակը նորից մոռացել էր քարտը ճիշտ դիրքով անցքի մեջ դնելը: Փայլակը կատարեց համապատասխան հրահանգները ու սպասեց մեքենայի գործողությունների ավարտին: Երկար-բարակ սպասելուց հետո ցուցատախտակին հայտնվեց Փայլակի համար սարսռազդու հաղորդագրություն՝ «Ձեր քարտը առգրավված է»:

Ա՛յ, քեզ փորձանք: Փայլակը մի պահ կարկամեց, ապա իսկույն ներս մտավ բանկի մասնաշենք ու այնտեղ հերթապահող երիտասարդ աշխատակցուհուն ներկայացրեց եղելությունը:

-Քարտը Ձերն է՞ր,-հարցրեց աշխատակցուհին:

-Այո՛, իհարկե, թոշակիս համար եմ այստեղ հաշիվ բացել:

-Իսկ Ձեզ մոտ անձնագիր կա՞:

-Ոչ,-սրտնեղեց Փայլակը,-հին անձնագիրս է, չափսերը մեծ են, հետս չեմ վերցնում:

-Անձնագիրը կբերեք, կհանենք, կտանք Ձեր քարտը,-հանգիստ պատասխանեց աշխատակցուհին:

Փայլակը, իհարկե, չհակաճառեց, հասկանալով, որ այդպես է պետք:

«Դե, լավ, կգնամ, կճաշեմ, հետո կգամ կվերցնեմ»,-մտքում ասաց Փայլակը ու տուն վերադարձավ:

Ճանապարհին հանկարծ հիշեց՝ «Ձեր քարտը առգրավված է» հաղորդագրությունը ու մարմնով սարսուռ անցավ: Հիմա նոր միայն զգաց պահի լրջությունը: Գուցե երեկ ավել գումար էր մուտքագրել և ստացել, մեքենան սխալվել էր ու հիմա գլխի է ընկել ու… Ոչ մի կերպ չէր կարողանում հաշվել բանկում մնացած իր գումարի չափը, ստացած կտրոնները կամ չէր պահել, կամ էլ չէր հիշում թե որտեղ է պահել: Ամեն անգամ, որոշում էր, որ հենց տուն գնա անմիջապես կտրոնը կկպցնի բլոկնոտի մեջ, որտեղ պահում է կոմունալ ծախսերի կտրոնները, որ հետո հաշվարկ կատարի, բայց երբ տուն էր հասնում, մոռանում էր ու հիմա չգիտեր իրական մնացորդային գումարի չափը: Իսկ եթե հարցնեն, թե՝ ինչքա՞ն գումարային մնացորդ ունեիր, ինքը ի՞նչ է պատասխանելու: Հաստատ, ինքը ավել գումար է հանել ու մեքենան հետո է գլխի ընկել: Է, թող իրենց մեքենային մեղադրեն, ես ի՞նչ մեղք ունեմ որ, իրեն սիրտ էր տալիս Փայլակը: Իսկ այսօր ինչու էի՞ր եկել գումար հանելու, կհարցնեն, երեկ այդքան տարար, ոգևորվեիր ու այսօր էլ նորից եկել ես, որ էլի տանե՞ս: Մեծ մարդ ես, չե՞ս ամաչում խարդախությամբ ես զբաղվում: Բա, սրան ինչ՞ եմ պատասխանելու:

-Քաղաքացի Փայլակ, դուք երեկ բավականին մեծ գումար էիք կանխիկացրել բանկոմատից և իմանալով, որ դա Ձեզ հաջողվել է, այսօր նորից էիք ցանկանու՞մ այդ հանցանքը կրկնել»,-արդեն ականջներում լսում էր դատավորի հնչեղ ձայնը:

-Բայց ես ինչ իմանայի, թե որքա՞ն գումար կար իմ հաշվի վրա, քաղաքացի դատավոր,-ինքն իրեն սկսեց խոսել Փայլակը:

-Ձեր չնչին թոշակը քանի՞ ամսում կկազմեր այդպիսի գումար, որը կանխիկացրել եք:

-Դե, երևի հինգ-վեց ամսում:

-Իսկ չէի՞ք մտածում, որ դուք հանցագործություն եք կատարում:

-Դե, ես…

Այս մտքերով տարված Փայլակը հասավ տուն, սթափվեց ծանր մտքերից, ճաշեց, մի քիչ հանգստացավ, մոտավոր հաշվարկներ արեց, տեսավ, որ իր ստացած գումարը այնքան էլ մեծ թիվ չի կազմում, բայց զգուշության համար, երեկվա կանխիկացրածից մի որոշ գումար հետը վերցրեց, որ հարկ եղած դեպքում վերադարձնի, եթե ավել տված լինի բանկոմատը:

Համոզվելով, որ հարց ու պատասխանին պատրաստ է, նա վերցրեց անձնագիրը, դրեց գրպանը և շտապեց բանկ: Տեղ հասնելով ներս մտավ մասնաճյուղի շքամուտքից ներս և տեսնելով նույն աշխատակցուհուն՝ դիմեց նրան:

-Քարտի համար եմ եկել, որը առգրավվել էր բանկոմատի կողմից, անձնագիրս բերել եմ:

Աշխատակցուհին, իհարկե, արդեն մոռացել էր այդ մասին և վերցնելով Փայլակի ներկայացրած անձնագիրը, այն զննեց մի փոքր, ապա ետ վերադարձնելով ասաց.

-Նստեք այնտեղ, հիմա Ձեր քարտը կհանեն, կբերեն,-ցույց տալով սրահում դրված աշխատատեղի դիմացի նստարանը՝ աշխատակցուհին անհետացավ միջանցքի նեղ դռներից ներս: Որոշ ժամանակ անց, նա ետ եկավ, նստեց սրահի այն աշխատասեղանի մոտ, որտեղ նստած էր Փայլակը ու սպասեց մինչև բանկի հաղթանդամ աշխատակիցը, բանալիները ձեռքում խաղացնելով, մոտեցավ նրան, քարտը հանձնեց ու գնաց:

Աշխատակցուհին Փայլակից կրկին պահանջեց անձնագիրը, համակարգչի մեջ մուտք արեց համապատասխան տվյալները, մոնիտորին կարդաց հաղորդագրությունը, որը Փայլակը չէր տեսնում, տեղից բարձրացավ ու Փայլակին հրավիրեց դրսում գտնվող բանկոմատի մոտ: Փայլակի սիրտը չափից ավելի արագ էր խփում, ի՞նչ է լինելու սրա վերջը:

Աշխատակցուհին մոտենալով բանկոմատին, համապատասխան անցքից ներս խցկեց արդեն առգրավումից ազատված քարտը, որից հետո Փայլակին ասաց.

-Ձեր հաշվի վրա կա հիսուներեք հազար յոթ հարյուր դրամ գումար, որքա՞ն եք ցանկանում կանխիկացնել:

-Հիսուն հազարը,-ուրախությունից իրեն կորցրած կմկմաց Փայլակը,-թող երեք հազար յոթ հարյուրը մնա:

-Մուտքագրեք Ձեր ծածկագիրը,-հրահանգեց աշխատակցուհին:

Փայլակը դողացող ձեռքերով կատարեց հրահանգը:

«Այ, քեզ հրաշք, ես մտածում էի, որ ինձնից գումար ետ կգանձեն, իսկ սրանք հլա մի բան էլ ավել են տալիս»,-մտքում ուրախացավ Փայլակը:

Դուք չեք պատկերացնի Փայլակի վիճակը, որը մի քանի րոպե առաջ արդեն մտքում դատավորի հետ էր պարզում իր անմեղությունը, մի քանի տարվա բանտարկություն էր ակնկալում՝ իր «ժուլիկության» համար, իսկ հիմա նույնիսկ գումար էլ ստացավ:

«Սրանից հետո, ամեն ամիս կգամ և ամբողջ թոշակս կկանխիկացնեմ, որ այսպիսի դրության մեջ էլ չընկնեմ»,-իրեն համոզում էր Փայլակը:

Բայց կհիշի՞ այդպես վարվել, ահա այս է խնդիրը:

Տուն վերադարձի Ճանապարհին Փայլակը մտավ սուպերմարկետ, գնումներ կատարեց, երեկվա բանկոմատից հանած գումարի մի մասն էլ փոխարինեց դոլարով, մտքում որոշելով, որ եթե այն դրամով մնա շուտ կծախսի, իսկ դոլարի դեպքում՝ կխնայի, քանի որ պիտի գնա տարադրամի փոխանակման կետ, կարող է և իր բախտից փակ լինի:

Ծանրաբեռնված գնումներով, նա քայլելով հասավ իրենց շենքին մոտ դիմացի կանգառին, որի հարմար նստարաններից մեկի վրա դրեց բավականին ծանր ցելոֆանե տոպրակը, հարմար տեղավորվեց և որոշեց մի փոքր հանգստանալ, ապա շարունակել ճանապարհը:

«Դաժան բան է ծերությունը և հատկապես այն ժամանակ, երբ խնդիրներ են ծագում հիշողությանդ հետ»,-մտքում կրկնում էր Փայլակը:

Իսկ թե ինչ զավեշտալի դեպք պատահեց նրա հետ կանգառում, ես կպատմեմ մի ուրիշ անգամ:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել