Լրահոս
Օրվա լրահոսը

Անունների մոգական ուժը

Սեպտեմբեր 23,2016 10:00

Պատահական չէ, որ ծնողները սովորաբար բծախնդիր են իրենց զավակների անունների ընտրության հարցում` կա այնպիսի համոզմունք, որ անունը կանխորոշում է մարդու ճակատագիրը: Հենց այդ պատճառով են ծնողներն իրենց աղջիկների անունները դնում Գեղեցիկ, Ոսկի կամ Յուղաբեր: Հավանաբար, այդ տրամաբանությամբ է առաջնորդվում նաեւ կառավարությունը` վերանվանելով որոշ նախարարություններ:
Ոչ թե պարզապես էներգետիկայի եւ բնական պաշարների, այլ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն: Զգո՞ւմ եք տարբերությունը: Որովհետեւ էներգետիկայի տակ կարող եք հասկանալ զանազան տարաշխարհիկ բաներ, օրինակ` հոգեկան էներգիան կամ, չգիտեմ, էզոթերիկ էներգիան: Ւսկ որ ասում ես` «էներգետիկ ենթակառուցվածքներ», միանգամից հասկանում ես, որ խոսքը լույսի-գազի մասին է:
Ոչ թե էկոնոմիկայի (այսինքն` տնտեսության), այլ ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: Ինչո՞ւ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չեն արվում, կամ` ինչո՞ւ կառավարությունը չի աջակցում ձեռնարկատիրությանը: Բնականաբար, այն պատճառով, որ նախարարությունն էր սխալ կոչվում: Հիմա, երբ այդ գերատեսչությունը ստանա իր ճիշտ, այսպես ասած` «աուտենտիկ» անունը, մենք ներդրումների եւ ձեռնարկատիրության հետ կապված խնդիրներ չենք ունենա:
Քաղաքաշինության նախարարությանը կոմիտեի կարգավիճակ տալը նույնպես ողջունելի է: Մայրաքաղաքն արդեն բավականաչափ շինված է (հատկապես ակտիվ  էր այդ գործընթացը 2000-ականների սկզբին) եւ այլեւս շինելու բան առանձնապես չի մնացել: Հիմա պետք է պահպանել մշակութային արժեքները. հաշվի առնելով, որ մեր ճարտարապետները հատուկ հարգանք ունեն «սարայների» նկատմամբ, այդ արժեքների պահպանումը նրանց հանձնելը միանգամայն արդարացված է:
Քաղավիացիան կմիանա տրանսպորտին եւ կապին, եւ դա նույնպես տրամաբանական է, որովհետեւ ինքնաթիռը տրանսպորտ է, որը կապ է ապահովում աշխարհի տարբեր կետերի միջեւ: Քաղավիացիայի` այդ նախարարության կազմում հայտնվելուց հետո մենք, հուսով եմ, ստիպված չենք լինի գիշերը 6 ժամ քշել դեպի Թբիլիսիի օդանավակայան` այն պատճառով, որ Երեւանից եւ Թբիլիսիից թռիչքների տոմսերի գնի տարբերությունը լիովին փոխհատուցում է 6 ժամ քշելու անհարմարությունն ու ծախսը:
Ջրային տնտեսությունը գյուղնախարարությունից  էներգետիկային տալն այնքան էլ հասկանալի չէ: Ինչո՞ւ իմ այգու ոռոգման ջրով պետք է զբաղվի էներգետիկան կամ, ավելի ճիշտ, դրա ենթակառուցվածքները: Հավանաբար, նկատի է առնվում, որ ինձ ջուր է հասցվում պոմպերով, որոնք աշխատում են էլեկտրականությամբ:
…Եթե ժամանակին ավարտեի ոչ թե կոնսերվատորիան, այլ երաժշտական ակադեմիան կամ երաժշտական համալսարանը, ապա շատ ավելի խորը գիտելիքներ կստանայի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Լավ չհասկացա հեգնում եք պարոն Աբրահամյան???

    Եթե այո, չեմ հասկանում այդ հեգնանքը???

    Երեկ Նարեկ Սարգսյանի մասին նյութեր էին փնտրում ինտերնետում եւ գտա ձեր թերթի մի հետաքրքիր նյութ՝ https://www.aravot.am/2011/07/12/334872/

    Վստահ եմ, որ լսել եք լեզվամտածողություն բառը եւ գիտեք թե դա ինչ է: հոգեբաններն ասում են՝ հաճախ ժպտացեք, որ դրական էներգիա ստանաք, լավ ասացվածքներ կա՝ դիմավորում են ըստ հագուստի, ճանապարհում՝ ըստ խելքի, թատրոնը սկսվում է հանդերձարանից: ԱՅՍ ամենը մի բան են վկայում. անունը՝ առաջին երեւացող բանը, ՉԱՓԱԶԱՆՑ կարեւոր է: Մի հեգնեք, Արծվիկ Մինասյանն էլ էր հեգնում:

    հուսամ ծպտյալ դաշնակ չեք, պարոն Աբրահամյան

  2. Նորիկ says:

    Փաստորեն, ես և իմ նման շատ-շատերը սխալվել ենք,երբ մտածում էինք, որ մեկ ա, բան չի փոխվի, մեկ ա չի դզվի։Բայց արի ու տես․․․․

  3. Արթուր says:

    Պ-ն Աբրահամյանը ճիշտ է, որ սարկազմով է արձագանքել նոր վաչապետի այս քայլերին: Անվանումները չեն, որ հասցրել են մեր տնտեսությունը այս վիճակին, այլ կոնկրետ անձինք և ինքն էլ քաջատեղյակ է անուններին: Եթե վարչապետը ասում է որ պետք ա վերջ դնել “պրիմիտիվ գողությանը”, վախենամ նշանակում է, որ սկսելու են բարդ սխեմաներով գողանալ:

  4. Կարո Մելիքյան says:

    «Ջրային տնտեսությունը գյուղնախարարությունից էներգետիկային տալն այնքան էլ հասկանալի չէ:»-
    Պ.Աբրահամյան.
    Փորձեմ մի փոքր պարզաբանում մտցնել։ Այն ժամանակ Սեւանա լճի ջրերի հավելյալ բացթողումների ,գյուղացուն մաշկելով,վաճառքից օգտվում էր միայն գյուղնախարարությունը,իսկ հավելյալ ստացված էլեկտրոեներգիայի( Սեվան-հրազդան կասկադ,լինելով ինքնահոս,պոմպակայնների կարիքը չկա) մասին ոչ մի խոսք,( եթե Դուք այդ մասին լսել եք՝ խնդրում էմ ասեք,որտե՞ղ էն ծախսվել)։ Ինչպես տեսնում էնք,եւ ջրի վաճառքից,եւ ստվերային էլեկտրականության վաճառքից ստացված միջոցները հայտնվում էն մի ձեռքում,հարցեր կան՞…։

  5. Կարո Մելիքյան says:

    …ինչ որ մեկին ,ախր,շատա ձեռ տալիս,որ երաշտ լինի, եւ ,խնդրեմ՝մաքուր եկամուտա գալիս «երկնքից» կախված,բնական եկամուտ,համարյա բնական մենաշնորհ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930