Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղան առաջարկները

Սեպտեմբեր 23,2016 11:00
pashton

ՀՀ կառավարության այս տարվա մայիսի 12-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ` ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով. առաջինն արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը… Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն… Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաեւ տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների… Կառավարությունն ունի բավական քաղաքական կամք` կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը»: Խոստացված քաղաքական կամքի դրսեւորման արդյունքում մի քանի կոսմետիկ կրճատումներ եղան: Կրճատվեցին նաեւ նախարարների արտասահմանյան ուղեւորությունների ծախսերը, նաեւ որոշ նախարարությունների հաշվեկշռում առկա, վաղուց արդեն մետաղի ջարդոն հանդիսացող մեքենաներ դուրս գրվեցին, ինչը մամուլում ծաղրի ենթարկվեց:

Հովիկ Աբրահամյանը խնդրել էր խնդրով մտահոգ բոլոր անձանց եւ կազմակերպություններին համառոտ առաջարկ ուղարկել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային փոստի հասցեով:

Հուսով, որ հարցը կլուծվի, փորձեցի իմ լուման ունենալ այս գործում եւ «Ինչպես տնտեսել 100 միլիոն դրամ» («Առավոտ» օրաթերթ, 20 մայիս, 20.05.2016 ) եւ «Ինչո՞ւ չսկսել փոխնախարարներից»,  («Առավոտ», 3 հունիս, 2016, ) հրապարակումներով հանդես եկա: Դրանք ուղարկեցի Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային փոստի հասցեով: Պատասխան չեղավ:

Ենթադրում եմ, որ միակը չեմ, որ վարչապետի խնդրանքը լսելով՝ առաջարկներ է ներկայացրել կառավարությանը: Հետաքրքիր է, իսկ քանի՞ առաջարկ էր ստացվել, քանիսի՞ն է կառավարությունը պատասխանել, քանի՞սն են լուրջ եւ ուշադրության արժանի, քանիսը` իրականության հետ կապ չունեցող, ե՞րբ է սկսվելու խելքին մոտ առաջարկների իրագործումը: «Առավոտը» փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ կառավարության վերանշանակված աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից: Երեկ ողջ օրը նա մեր հեռախոսազանգերին չարձագանքեց: Հուսով ենք՝ առաջիկայում պարոն Հարությունյանը կներկայացնի այդ մանրամասները:

Վերոնշյալ հայտարարությունից հինգ ամիս անց Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց. «քաղաքական կամքով» կառավարությունում փոփոխություններ եղան:

Հիմա նոր վարչապետը, նախորդի նման, մտադիր է զբաղվել պետական ծախսերի կրճատումներով, ծախսերի արդյունավետության բարձրացմամբ, պետական ապարատի օպտիմալացմամբ: Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ պետական ապարատի ծախսերը պետք է կրճատել զգալիորեն եւ տնտեսումների հաշվին ապահովել անհրաժեշտ գործառույթների պատշաճ կազմակերպումը, ինչը, սակայն, որեւէ կերպ չպետք է անդրադառնա աշխատանքի արդյունավետության վրա եւ չպետք է իրականացվի աշխատանքի որակի հաշվին: Վարչապետը կարեւորել է գերատեսչություններում կառուցվածքային փոփոխությունների եւ հաստիքացուցակների օպտիմալացումը: Առաջարկներ չի խնդրել: Հավանաբար սեփական տեսլականներն ունի: Տեսնենք` ինչ կստացվի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.09.2011թ.

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930