«Բավականին տպավորիչ էր»,- սեպտեմբերի 22-ին Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսպես նկարագրեց անկախության հռչակման օրը՝ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած ռազմական շքերթը:
Նրա խոսքերով՝ շքերթը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ անվտանգության առումով մեր պետությունը ճիշտ ուղղու վրա է, եւ համալրումը ամբողջական եւ արդյունավետ է եղել. «Մեր հանրությունը նաեւ մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը մեր զինված ուժերի տեխնիկական եւ ռազմական համալրման հետ կապված որեւէ հարցականներ կամ մտահոգություններ չպետք է ունենան: Դրա վառ ապացույցը վկա է այդ շքահանդեսը: Այդ իմաստով դրական եմ գնահատում կատարված աշխատանքը»:
Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության համար թիվ 1 խնդիրը մնալու է ամուր անվտանգության համակարգ ունենալը. «Որովհետեւ առանց ամուր անվտանգության համակարգի մենք չենք կարող խոսել ո՛չ տնտեսական բարեփոխումներից, ո՛չ լայնածավալ ու համակարգային բարեփոխումներից»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ